Իսակ Յունանեսյան. «Թեհրանի, Սպահանի և Թավրիզի հայաբնակ շրջանները չեն տուժել։ Մարդիկ իրենց տներում են, և խուճապ չկա»

«Թեհրանի, Սպահանի և Թավրիզի հայաբնակ շրջանները չեն տուժել։ Հարձակումը տեղի է ունեցել ռազմական օբյեկտների վրա, ամեն ինչ դեռևս հանգիստ է և կասեցված։ Իրանը պատրաստել է պատասխան հարված, արդեն մոտ 100 անօդաչու թռչող սարք է ուղարկել Իսրայել, բայց դրանք դեռ չեն ժամանել։ Առայժմ այսքանը, այսօր ուրբաթ է, մարդիկ իրենց տներում են, և խուճապ չկա, մի անհանգստացեք»,-այս մասին այսօր RegionsTV-ի հետ զրույցում հայտնեց Թեհրանի Հայ Ազգային Կոմիտեի նախագահ Իսակ Յունանիսյանն՝ անդրադառնալով Իրանի վրա իսրայելական գիշերվա հարձակումներին։
Իսակ Յունանիսյանը մտահոգություն հայտնեց Հայաստանի վերաբերյալ։ Նշեց՝ եթե պատերազմը ձգձգվի և ավելի լրջանա, ապա Բաքուն կարող է ցանկացած պահի հարձակվել Սյունիքի վրա և կտրել այն Հայաստանից․«Սա է, որ մեզ հիմա անհանգստացնում է, Սա ենք զգուշացնում Հայաստանի իշխանություններին»։ Իսակ Յունանեսյանի հայտարարությունը արտացոլում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման վերաբերյալ Իրանի հայ համայնքի մտահոգությունները: Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ Իրանի խոշոր քաղաքների հայկական թաղամասերում կայունություն է և խուճապ չկա, ինչը կարևոր ազդանշան է Իրանից դուրս ապրող և իրենց հայրենակիցների ճակատագրով մտահոգված հայերի համար։
Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին, ինչի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, այլ ռազմական գործիչներ, ինչպես նաև գիտնականներ։ Սպանվել է նաև միջուկային գիտնական դոկտոր Ֆերեյդուն Աբբասին կնոջ և երեխայի հետ միասին։
Իրանական կողմը հայտարարել է, որ Իրանի պատասխանը շատ կոշտ է լինելու։
Աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ մտահոգություն են հայտնում Իրանի վրա իսրայելական հարվածների առնչությամբ և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները՝ վախենալով, որ հակամարտությունը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի՝ անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանի և աշխարհի համար։
Իրանի իշխանությունները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված Իսրայելի գործողությունների հետ։
Զաբելա Ավագյան