«Իմպիչմենտի նախաձեռնողներից որոշները չափը կորցրել են։ Մենք մեր գործընկերների հետ երբեք շանտաժով կամ վիրավորանքով չենք խոսել»․Իշխան Սաղաթելյան | Region

«Իմպիչմենտի նախաձեռնողներից որոշները չափը կորցրել են։ Մենք մեր գործընկերների հետ երբեք շանտաժով կամ վիրավորանքով չենք խոսել»․Իշխան Սաղաթելյան

Հունիս 16,2025 16:35

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված ասուլիսում փորձեց պարզաբանել, թե ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր խմբակցությունների միջև Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում։

Վերջերս «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել և քննարկել էին իմպիչմենտի գործընթացը, ու թեև «Հայաստան» խմբակցութունը հայտարարել էր, որ իրենց 28 ստորագրությունը կա, սակայն մյուս ուժը կասկած հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը տարակուսանք ունի այդ հարցում։

«Երբ իմպիչմենտի նախաձեռնողները դիմեցին մեզ գործընթացը սկսելու համար, մենք հայտարարեցինք՝ Նիկոլ Փաշինյանի հեռացնելու բոլոր հիմքերը կան, մենք գործընթացն այս պահին չենք սկսում, որովհետև բավարար ստորագրություններ չկան, եթե կլինի ուժ և թեկնածու, որը կստանձնի պատասխանատվություն և ունի այդ ութ ստորագրությունները, մենք պատրաստ ենք ստորագրել»,-այսօր ասաց Սաղաթելյանը։

Իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն, 6 ստորագրությունը «Պատիվ ունեմ»-ից է, 28-ն էլ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, «Հայաստան» խմբակցությունից կլինի։ «Պատիվ ունեմը» վստահերցել է, թե պակասող 2 ստորագրությունը կստանա։ Ենթադրվում է, որ դրանք կլինեն Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանը կինեն, որոնք ՔՊ-ից հեռացվել են։

Սաղաթելյանը շարունակեց․«Մենք հարցրեցինք՝ պակասող 2 ստորագրությունը կա՞։ Ասացին՝ այս պահին չունենք։ Բայց եթե ունենանք էլ առայժ չենք պլանավորում բերել խորհրդարանի օրակարգ, որովհետև հայտարարել ենք 54 ստորագրություն ունենալու դեպքում կմտնենք խորհրդարան։ Մեն քննարկման ժամանակ բարձրացրել ենք 2 հարց՝ լինելո՞ւ է փողոցային գործընթաց, և արդյոք ի՞նչ ծրագիր կա: Փորձել ենք պարզել ժամկետները: Հստակ ասել ենք, որ այդ փողոցային պայքարի և առաջիկա ինպիչմենթի գործընթացի բոլոր աշխատանքներում մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներգրավվել: Այս հարցերի վերաբերյալ կոնկրետություն չի եղել։ Ասել ենք լավ, մեր 28 ստորագրությունը պատրաստ է ձեր ներկայացրած թեկնածուին առաջադրելու համար, բայց դրանք հրապարակելու կարիք չկա, որովհետև խոսքը հաճախ ավելի մեծ արժեք ունի, քան հրապարակային թղթերը»:

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ չնայած խորհրդակցել էին, սկսեցին խոսակցություններ տարածվել, որ «Հայաստան» խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են համաձայն իմպիչմենտին, որոշները կաշկանդված են քրեական գործերով․«Դրանից հետո, չնաած խորհրդակցել էինք, համաձայնություն կար, ասել ենք կան հրապարակային այդ ստորագրությունները, միասին աշխատենք պակասող ձայները ստանալու համար։ Դրանից հետո ի՞նչ եղավ, իմպիչմենտի նախաձեռնողներից որոշները չափը կորցրել են։ Այսինքն մեկն ասում է՝ Իշխանը հրապարակել է ստորագրութունների նկարը, ինչ որ համեմատություն է անում ՝ ինչի՞ դիմադրության ժամանակ մենք մեր ընտնաիքի ստգորագրություններն ու  ֆոտոները հրապարակո՞ւմ էին։ Կամ ի՞նչ են նշանակում այս ձևակերպումները «Հայաստան» խմբակցության հասցեին։ Արդյոք մեր գործնկերներն այս շանտաժի լեզվով են խոսելու մեզ հետ, այս մթնոլորտո՞վ ենք ուզում գործընթացը սկսել»։

Հարցին, ի՞նչն է խանգարում իրենց մինչև փողոցային պայքար սկսելը իրենց ստորագրությունները դնել եղած 6 ստորագրության տակ, Սաղաթելյանը պատասխանեց հակադարձ հարցով.«Իսկ ի՞նչն է խանգարում, որ հիմք ընդունենք հրապարակային հայտարարությունը և անցնենք առաջ: Ի՞նչն է խանգարում, երբ քաղաքական ուժը հրապարակային հայտարարություն է անում, դրանից էն կողմ հիմք չկա: Ի՞նչի չեք գնում էն անկախ պատգամավորների, ՔՊ-ական պատգամավորներից ստանում ստորագրությունները, մենք ասել ենք՝ մեր ստորագրությունները կան։ Եթե թիրախավորում է առաջանում այստեղ, ուրեմն այդ նպատակի շուրջ հարցեր են առաջանում»:

Նաև հայտարարեց՝ եթե «Պատիվ ունեմը» չի վստահում իրենց, ապա այդ մասին պիտի հայտարարեն․«Չվստահությունը շատ վատ բան է, եթե չեն վստահում, թող ասեն այդ մասին։ Պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքական ուժը, որը նման հայտարարություն է արել գործընթաց սկսելու մասին ու հրաժարվի դրանից կեսից։ Գուցե այս ամենի տակ այլ նպատակ կա։  Մենք մեր գործընկերների հետ երբեք շանտաժով կամ վիրավորանքով չենք խոսել։ Եթե հասկանանք, որ ինչ որ մարդկանց միջոցով այս ճանապարհով են ուզում հարցերի լուծման հասնել, վստահեցնում եմ, դա լուրջ խոչընդոտ է, այդ ժամանակ լուրջ կասկածներ են առաջանալու այս գործընթացի լրջության ու իրական արդյունքի հասնելու հարցում»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ