«Եկեղեցուն պատերազմ հայտարարել են նրանք, ովքեր խախտել կանոնակարգը, կուսակրոնության ուխտը։ Լկտի հարձակումները պատասխան կստանան»․Փաշինյան | Region

«Եկեղեցուն պատերազմ հայտարարել են նրանք, ովքեր խախտել կանոնակարգը, կուսակրոնության ուխտը։ Լկտի հարձակումները պատասխան կստանան»․Փաշինյան

Հունիս 18,2025 14:09

«Ես դա չէի կարող ու չեմ հայտարարել, պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտել են Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, կուսակրոնության ուխտը, խախտում են մեր ավանդույթները։ Իմ խնդիրը, որպես Հայ եկեղեցու հավատավոր հոտի համավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին ու հոգևոր արմատներին»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներիհետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով դիտարկմանը, որ տարածաշրջանում պատերազմ է, իսկ ինքը պատերազմ է հայտարարել Հայ Առաքելական եկեղեցուն։

Փաշինյանի խոսքով՝ այո՛, իրադրությունը տարածաշրջանում շատ բարդ է, և մի քանի օր է՝ ներքաղաքական հարցերի չէր անդրադառնում․«Բայց դա չի նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար, այդ հարձակումները համարժեք պատասխան կստանա, հույս ունեմ՝ արդեն համոզվել եք»։

Անդրադառնալով մի շարք հոգեւորականների մասին իր վիրավորական գրառումներին, Փաշինյանն ասաց՝ եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ․« Չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում իմ հայտարարությունները։ Այ երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում է, իրենք կարող են դատի տալ և այդ ապացույցները կներկայացվեն, կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Իմ դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որ եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցել է որպես Հայ առաքելական եկեղեցու կանոններ»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ է անում, նա կասկածներ է հայտնում, որ Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի․«Եթե պարզվի, որ նա խախտել է կուսակրոնությունը, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։

Ընդ որում, Փաշինյանն առաջարկում է Համակարգող խումբ ստեղծել Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար։

Հարցին՝ շատերն այն կարծիքին են, որ հոգևորականների դեմ այս արշավը հանգեցնելու է քաղաքացիական բախումների, ինչպե՞ս եք հեռացնելու կաթողիկոսին, հնարավո՞ր է, որ իրավապահները մտնեն եկեղեցի այնպես, ինչպես մտան Սամվել Կարապետանի տուն, Փաշինյանը պատասխանեց․ «Ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցությունը։ Դա կատարյալ անհեթեթություն եմ համարում։ Գիտեք մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել և, ըստ էության, բախումներ չեն եղել, հիմա մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում և այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա։ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի»։

Ապա Փաշինյանը ցույց տվեց երկու  գիրք եւ պարզաբանեց․«Ես ձեզ բերել եմ ապացույցներ, ես ձեզ բերել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համաբարբառ կանոնագիրք հայոցը։ Այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, իսկ գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել Հայ առաքելական եկեղեցու սրբություններին։ Դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով և կանոններով»։

 

Նորություններ