«Էդ մարդուն գործից ազատեց, հիմա մենք իրենից ենք մեր երեխեքին ուզում, թող բերի տա»․անհետ կորածների հարազտները ցույց են անում, դժգոհ են Աբազյանի պաշտոնանկությունից

44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց սկսեցին Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին հայտարարությունից հետո։
Առավոտյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբազյանն աշխատանքից հեռացվել է։
«Աբազյանը միակ մարդն էր, ով մեր առաջ դուռը բացում էր, միակ մարդն էր, ով մեր հարցերին սպառիչ պատասխաններ էր տալիս։ Աբազյանը հասավ նրան, որ ամիսներ առաջ հանդիպում ունեցավ Ադրբեջանի կամ Թուրքիայի աշխատակիցներից մեկի հետ։ Ու հիմա, երբ հասել ենք այն կետին, երբ տղաների մասին պետք է ինչ-որ հստակ պատասխան տան, Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատում է Աբազյանին»,-լրագրողների հետ զրույցում դժգոհեց ցույցի մասնակիցներից մեկը, ով նաև նշեց, որ Փաշինյանն իր այդ քայլով խնդրի լուծման շատ կարևոր ճանապարհ է փակում։
Անհետ կորածների հարազատները դրական են գնահատում Արմեն Աբազյանի գործունեությունը, նշեցին, որ նրա շնորհիվ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է արձանագրվել, պարբերական հանդիպումներ ընթացքում մշտապես հանգամանալից կերպով իրենց ներկայացրել է ստեղծված իրավիճակն ու հնարավոր ելքերը․«Բանակցությունները եկել են տրամաբանական ինչ-որ մի կետի, որից հետո մեծ հույսեր էինք կապում որևէ կերպ, որևէ լուր իմանալ մեր անհետ կորած հարազատի մասին։ Սակայն այս կետում, ինչ-որ քաղաքական պատվեր չկատարելու պատճառաբանությամբ այդ կարևոր առաքելությունն իրականացնող մարդուն պաշտոնից հեռացնելը ընդունելի չենք համարում»։
Ցույցի մասնակիցները մտահոգված են՝ գործընթացը փակուղի կմտնի, տեղից չի շարժվի, քանի որ մինչև նոր տնօրեն նշանակվի, մինչև նորը ծանոթանա իրավիճակին ու զարգացումներին, երկար ժամանակ կպահանջվի։
«Էդ մարդուն գործից ազատեց, հիմա մենք իրենից մեր երեխեքին ենք ուզում, թող մեր երեխեքին բերի տա»,-ասաց պատերազմում անհետ կորած Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը։ Նրա կարծիքով՝ վարչապետի նման որոշումը կդանդաղեցնի անհետ կորածների վերադարձի հարցը․«Հիմա նորից պաշտոնակատար պիտի դնի, թազա անվտանգության տնօրեն պիտի ընդունվի, մի երեք տարի էլ էնտեղ պիտի չլեն, հասցնեն նրան, որ մինչև այս մարդիկ ինֆարկտի գան։ Մեզ հետաքրքրիր չի, թե իրենք իրար մեջ ինչ են անում, մեզ պետք է, որ երեխեքը հետ գան»։
Նիկոլ Մարգարյան