«Խամենեին չպետք է շարունակի գոյություն ունենալ։ Այժմ հարձակվելու ենք Իրանում ռազմավարական նոր թիրախների վրա»․Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին չի կարող այլևս ողջ մնալ՝ Իսրայելի հիվանդանոցն ու բնակելի շենքերը թիրախավորելուց հետո։ Նախարարը հայտաարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության նպատակներից մեկը Խամենեիի «գոյությանը վերջ դնելն է»։
«Խամենեին պատասխան է տալու իր հանցագործությունների համար»,-սպառնացել է Կացը։
Կացը հայտնել է, որ զինվորականներին արդեն հրահանգ է տրվել․«Նրանք գիտեն, որ իրենց բոլոր նպատակներին հասնելու համար այս մարդը չպետք է շարունակի գոյություն ունենալ»։
Իսրայելի պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ այժմ հարձակվելու են Իրանում ռազմավարական նոր թիրախների վրա՝ «Իսրայել պետության վրա կախված սպառնալիքները վերացնելու և այաթոլլայի ռեժիմը ցնցելու համար»։
Կմիանա արդյոք ԱՄՆ այս հակամարտությանն՝ հօգուտ Իսրայելի, թե՝ ոչ․ այս անորուշության մթնոլորտում կողմերը շարունակում են փոխադարձ օդային հարածները։ Այսօր առավոտյան Իրանը հարվածել է Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության և հետախուզության շտաբին, Սորոկա հիվանդանոցին։
Իսկ Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ծրագրի մաս է կազմող Խոնդաբի ծանր ջրի հետազոտական ռեակտորի մոտակայքում գտնվող տարածքը։ Իրանը վստահեցնում է, որ ճառագայթման վտանգ չկա, օբյեկտը տարհանվել էր հարձակումից առաջ:
Երեկ Իսրայելը հարված է հասցրել Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր գրասենյակին։ Օրերս Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության շենքին, այն ամբողջությամբ ավիրվել է։
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է ակտիվորեն մտնել դաշտ՝ հօգուտ սիոնիստական ռեժիմի, Իրանը ստիպված կլինի օգտագործել իր գործիքները՝ ինչպես ագրեսորներին դաս տալու, այնպես էլ իր ազգային անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու համար։ Մեր ռազմական որոշում կայացնողները սեղանին ունեն բոլոր անհրաժեշտ տարբերակները»,-հայտարարել են Իրանի արտգործնախարարությունից։
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ լրագրողների հետ զրույցում հարցին՝ արդյոք որոշում կայացրե՞լ է՝ Իսրայելի օդային գործողություններին ԱՄՆ-ն կմի՞անա, պատասխանել է․«Կարող է՝ անեմ, կարող է՝ չանեմ։ Այսինքն՝ ոչ ոք չգիտի՝ ես ինչ եմ պատրաստվում անել»։
Այսօր հայտնի դարձավ, որ արտգործնախարար Աբաս Արաղչին վաղը Ժնևում կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ, այդ թվում ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի։ Բանակցության նպատակը Իրանից երաշխիքներ ստանակն է, որ միջուկային ծրագիրը կօգտագործվի միայն խաղաղ նպատակներով։