Իրավիճակը հայ-իրանական սահմանին․հարյուրավոր իրանցիներ պատերազմի պատճառով լքում են երկիրը

Իրանա-իսրայելական հակամարտության 8-րդ օրն է։ Կողմերը շարունակում են օդային փոխադարձ կործանարար հարվածները։
Հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «բոլորը պետք է անմիջապես տարհանվեն Թեհրանից» հայտարարությունից հետո, հազարավոր մարդիկ սկսեցին լքել երկիրը։ Միջազգային լրատվամիջոցները նշում էին, որ իսրայելական հարվածներից հետո մարդիկ հիմնականում փախչում են թուրքական սահմանին մոտ գտնվող տարածքներ։
Այս օրերին հարյուրավոր իրանցիներ երկիրը լքում են նաև հայ-իրանական սահմանով։
Մեղրիի անցակետով բազմաթիվ իրանցիներ են հատում սահմանը։
Հայ-իրանական սահմանին լուսանկարներն արվել են երեկ երեկոյան և այսօր առավոտյան։ Մարդկանց հոսքը կրիտիկական չէ, թեև սովորականից մի քիչ ավելին է։
Մեզ հետ զրույցում սահմանը հատած իրանցիներից շատերը նշում էին, որ թեև իրենք ծագումով իրանցի են, բայց այլ երկրների քաղաքացիներ են կամ էլ հարազատներ ունեն այլ երկրներում, ու պատրաստվում են Երևանով մեկնել նրանց մոտ։ Պատմում էին, որ երկիրը որոշեցին լքել ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո, քանի որ սպառնալիք են զգում։ Նրանք ասում էին, որ Թեհրանից մինչև Հայաստանի սահման հասնելը բարդ է, քանի որ վառելիքի խնդիր կա։ Ասում էին դեպի Հայաստան ճանապարհին մեքենաների մեծ հոսք կա, սակայն իրանցիներից շատերը գերադասում են ոչ թե լքել երկիրը, այլ Իսրայելի թիրախավորած քաղաքներից տեղափոխվել դեպի հեռավոր գյուղեր՝ սարերին մոտ։
Առիթից օգտվելով՝ տաքսիների հայ վարորդները Մեղրիից Երևան տեղափոխելու համար «տիեզերական» գներ են սահմանել։ Նրանք պատերազմից փախչող քաղաքացիներին Երևան են տեղափոխում 300-350 դոլարով՝ մեկ անձի համար, մինչդեռ սովորական պամաններում մեկ հոգու համար Երևան տեղափոխելու արժեքը 20-25 դոլար էր։
Սյունիքի մարզպետը Արմենպրեսին երեկ հայտնել է, որ արդեն գործում են ավտոբուսներ, որոնց վրա պարսկերենով գրված է մեկ անձի տեղափոխման արժեքը՝ 12 հազար դրամ։