Բաղրամյան պողոտան բացվեց․ անհետ կորած զինծառայողների հարազատները դադարեցրին ցույցը | Region

Բաղրամյան պողոտան բացվեց․ անհետ կորած զինծառայողների հարազատները դադարեցրին ցույցը

Հունիս 20,2025 15:31

Բաղրամյան պողոտան, որը արդեն երեք օր է՝ փակ են պահում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, այսօր կբացվի։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը՝ Արման Կիրակոսյանը։

Քիչ առաջ Բաղրամյան պողոտա էր այցելել ԱԱԾ պաշտոնյան Դավիթ Սանամյանը, նա կարճ զրույց ունեցավ ծնողների ու հարազատների հետ։ Ապա ցույցի մասնակիցները որոշ ժամանակ քննարկում էին իրենց քայլերը, որից հետո Արման Կիրակոսյանը հայտարարեց, որ որոշել են դադրեցնել բողոքի ցույցը, պողոտան կբացվի, երթևեկությունը կվերականգնվի։

Նա ծնողների  անունից նաև ներողություն խնդրեց քաղաքացիներին անհարմարություն պատճառելու համար, նշեց, որ ստիպված են նման կտրուկ քայլերի գնացել, որպեսզի իրենց դժգոհությունը տեղ հասնի։

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ից ծնողներին զանգել և խոստացել էին, որ առաջիկայում հանդիպում կկազմակերպվի տնօրենի պաշտոնակատարի հետ, ապա խնդրել էին պողոտան բացել։

Կիրակոսյանը նաև ասաց, որ համացանցում որոշ օգտատերեր վիրավորական մեկնաբանություններ են գրում ուղիղ եթերների տեսանյութերի տակ, ինչը մեծ ցավ է պատճառում ծնողներին։

Նշեց՝ ծնողներն ուզում են իրենց այս նախաձեռնությամբ հանրությանը ցույց տալ, թե ինչպիսի ծանր ապրումների մեջ են, իրենց երեխաների հարցը չի լուծվում, ուստի ստիպված փողոց են փակում։

Հիշեցնենք նաև, որ ծնողները բողոքի ցույցը սկսեցին Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելուց հետո։ Աբազյանն, ըստ ծնողների, բանակցում էր ադրբեջանցիների հետ խնդրի առնչությամբ, վստահեցրել էր, թե լավ կլինի, ասում էին՝ առաջընթաց կա։ Իսկ հիմա երբ նա պաշտոնանկ է արվել, ծնողները մտահոգություն ունեն, որ գործընթացը փակուղում կհայտնվի, նոր տնօրենը մինչև ծանոթանա իրավիճակին, բավականին ժամանակ կտևի, ինչը կդանդաղեցնի գործընթացի զարգացումը։

Նորություններ