Ու՞մ է տրված բուժվելու իրավունքը և բուժելու պարտականությունը․ գյուղացիները՝ առանց բուժկետի ու բուժքրոջ | Region

Ու՞մ է տրված բուժվելու իրավունքը և բուժելու պարտականությունը․ գյուղացիները՝ առանց բուժկետի ու բուժքրոջ

Օգոստոս 05,2025 17:45

Գաղտնիք չէ, որ Շիրակի մարզում կան բնակավայրեր, որտեղ բուժկետ չի գործում։ Սակայն, տարօրինակ է, որ գործող բուժկետների աշխատանքն էլ է սահմանափակվել։ Օրինակ, Աշոցք համայնքի Արփենի, Բաշգյուղ բնակավայրերի բուժկետներն աշխատում են շաբաթական 1 օր, մի քանի ժամով, բուժքույրն էլ այլ բնակավայրից է։

Արփենիում երկարամյա բուժքույրին ազատել են աշխատանքից։ Նա էլ դատական հայց է ներկայացրել։ Գյուղացիները շտապօգնության մեքենայի կանչն ուղղակի անիմաստ են համարում, քանի որ այն  Գյումրիից կամ Աշոցքից մինչև Արփենի հասնում է առնվազն 30 րոպեում։ Կյանք արժեցող ժամանակը խնայելու համար գյուղաբնակները շտապում են բուժքրոջ տուն։

Ստացվում է՝ այս գյուղերի բնակիչների կյանքը վիճակախաղի է նման։ Օրինակ, եթե Բաշգյուղում ինչ-որ մեկի առողջական վիճակը վատանա չորեքշաբթի օրը՝ մինչև կեսօր, փրկվելու ավելի մեծ շանսեր կունանա։ Մյուս օրերին բուժկետը  փակ է։ Բնակիչների խոսքով, բարեբախտաբար, մշտապես բաց է մասնագիտությամբ բժիշկ գյուղապետի տան դուռը։

Իսկ Աշոցք համայնքի Սալուտ բնակավայրում ընդհանրապես բուժկետ չկա, և մարդիկ զրկված են առաջին բուժօգնություն ստանալու իրավունքից։

Իրավազոր կառույցը ՀՀ Առողջապահության նախարարությունն է, որտեղ գյուղերի բնակիչների ձայնը չի հասնում։ Իսկ նրանք ուղիղ հարց են տալիս․ եթե որևէ մեկը բուժօգնության անհասանելիության պատճառով մահանա, նախարարությունը պատասխանատվություն կկրի՞, թե՝ ոչ, և ինչու՞ գյուղերում չկան բուժկետներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ