«Այն, որ մեզ ստիպում են ընդունել ՀՀ քաղաքացիություն, նշանակում է՝ հրաժարվեք ամեն ինչից, մոռացեք, որ փախստականներ եք, ընդունեք ՀՀ քաղաքացիություն, և ապրեք բոլորի նման»․ Մարգարիտա Քարամյան | Region

«Այն, որ մեզ ստիպում են ընդունել ՀՀ քաղաքացիություն, նշանակում է՝ հրաժարվեք ամեն ինչից, մոռացեք, որ փախստականներ եք, ընդունեք ՀՀ քաղաքացիություն, և ապրեք բոլորի նման»․ Մարգարիտա Քարամյան

Սեպտեմբեր 02,2025 20:55

Որքան էլ ՀՀ կառավարությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար բնակապավոհման ծրագրեր է իրակականցնում, դրանք բավարար չեն, որպեսզի նրանք հաստատվեն Հայաստանում։ Արցախցիներից քչերն են կարողանում պետական աջակցությամբ բնակարան գնել՝ այն էլ հիփոթեքով։ Նրանք պարբերաբար հայտարարում են, որ սահմանված ծրագրերը, ֆինանսական աջակցությունը բավարար չեն։

Հիշեցնենք, որ ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում  այս տարվա հուլիսին նոր փոփոխություններ են  կատարվել։ Նրանց տրամադրվող հավաստագրերի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է 3–5 մլն դրամ` կախված, թե որ բնակավայրում է ձեռք բերում կամ կառուցում անշարժ գույքը։ Նոր փոփոխությամբ՝ սահմանվում է  4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ։ Այս պահին գործող ցանկում ներառված են 57 համայնքի 452 բնակավայր, նախատեսվում է բնակավայրերի ցանկն ընդլայնել մինչև 611։

Աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը այս որոշման ընդունման ժամանակ հայտարարել էր, որ հուլիսի 1–ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 1 600 ընտանիք, որոնք նախ քաղաքացիություն են ստացել, ապա դարձել շահառու։ Նա նաև վստահություն էր հայտնել, թե այս նոր բարեփոխումներով շահառուների թիվը կավելանա։

Այդուհանդերձ, արցախցիները շարունակում են լքել Հայաստանը։

ԱԱԾ-ի՝ Սիվիլնեթին տրամադրած տվալների համաձայն՝ 2025-ի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 42,096 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 25,361-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 16,735 արցախցի։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը արցախցիների՝ Հայաստանը լքելու մի քանի պատճաներ է նշում, նա լուրջ դժգոհությունների ունի կառավարության՝ արցախցիների վերաբերող ծրագրերից ու քաղաքականությունից։

«Եթե ուսումնասիրենք 2023 թվականից հետո ՀՀ կառավարության ընդունած այն որոշումները, որոնք վերաբերում են արցախահայերին, կհասկանանք, որ ՀՀ կառավարությունը վարում է մի քաղաքականություն, որի նպատակն է լռեցնել արցախցիներին»,- RegionsTV-ի հետ զրույցում ասաց Քարամյանը։

Քարամյանի կարծիքով՝ դա պայմանավորած է ՀՀ-ի արտաքին քաղաքականությամբ․«Արցախցիների սեփական իրավունքների բարձրաձայնելը խանգարում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանը։ Արցախահայությունը չպետք է ձայն բարձրացնի, չպետք է ասի, որ եղել է ԼՂՀ-ը, որ այնտեղ ապրել են հարյուր հազարավոր մարդիկ»։

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի սկզբին, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ընդ որում՝ մերժումներ չեն եղել։  Ըստ նրա՝ հուլիս դրությամբ ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կա 10961 դիմում։

Ըստ Մարգարիտա Քարամյանի, կառավարության ոչ մի սոցիալական ծրագիր մտածված չէ, ու միտված չէ նրան, որ արցախահայությունը կարողանա այստեղ արժանապատիվ ապրել․«Այն փաստը, որ մեզ ստիպում են ընդունել ՀՀ քաղաքացիություն,  մի բան է նշանակում՝ հրաժարվեք ամեն ինչից, մոռացեք, որ դուք փախստականներ եք, որ ձեր հանդեպ ագրեսիա է եղել։ Ընդունեք ՀՀ քաղաքացիություն, և ապրեք բոլորի նման»։

Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին, Քարամյանն ասաց՝ չնայած, որ Մինսկի խումբը, որը ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ էր զբաղվում, լուծարվեց, Արցախի էջը փակված չէ․«Միևնույն է, որքան էլ Ալիևը հայտարարի, թե վերջնականապես  լուծել է Արցախի հարցը, ինչքան էլ ՀՀ իշխանությունները ասեն, որ Արցախի էջը փակված է, միևնույն է արցախցիները մշտապես բարձրացնելու են իրենց ձայնը, պաշտպանելու են իրենց իրավունքներն, ու սպասելու են ավելի լավ ժամանակների»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ