«Ինձ հայտնի չէ փաստ, որ կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ միջադեպ է եղել։ Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով»․Փաշինյանը վերջին աղմկահարույց դեպքերի մասին

«Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և դրանում որևէ կասկած չկա։ Այդ հարցերը չեն որոշվում ոչ վարչապետի բրիֆինգում, ոչ էլ լրագրողի հարցով, այդ հարցերն որոշվում են օրենքով սահմանված կարգով։ Ինձ հայտնի չէ փաստ, որ կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ հեղափոխություն եք արե՞լ, որպեսզի ձեր թիմակիցներն անպատիժ մնան։
Լրագրողը նաև թվարկեց քրեական միջադեպերը, որոնք կատարել են իշող ուժի ներկայացուցիչների մասկանցությամբ, օրինակ՝ վերջերս լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի սպառնալիքներն ու հայհոյանքները, նրա վրա հարձակումը, մամուլում շրջանառվող լուրերն, ըստ որոնց կադաստրի կոմիտեի ղեկավարը ծեծի է ենթարկել կոմիտեի նախկին աշխատակցի ամուսնուն, հիշեցրեց նաև Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու պատմությունը։
«Չի կարելի քրեական դատավարության հետ կապված հարցերը ձևակերպեն այնպես, որ դրանք հարյուրավոև կիլոմետրերի ամպլիտուդ ունենան։ Այդ և մյուս բոլոր այն դեպքերը, որոնք հստակ ունեն քրեական գնահատական, բոլոր պատասխանատուները պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Փաշինյանը։