Փաշինյանը բացատրեց, թե ինչու է ասել «Արցախը Հայաստան է և վերջ» | Region

Փաշինյանը բացատրեց, թե ինչու է ասել «Արցախը Հայաստան է և վերջ»

Սեպտեմբեր 20,2025 12:33

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում իր  ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարիներ առաջ արած իր հայտարարությանը։

«Ես չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Առիթներ ունեցել եմ իմ այս արտահայտությանը անդրադառնալու, բայց կարծում եմ ամբողջացնելու կարիք կա։ Ինչու եմ ուրեմն այսօր խաղաղության բերկրանք ապրելով 2019 թվականին արել այդ հայտարարությունը։ Սա պետք է շատ կոնկրետ պատճառ ու բացատրություն ունենա, և բացատրությունը իրոք շատ կոնկրետ է։ Այդ արտահայտությունը արել եմ մի պարզ պատճառով՝ հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել»,-ասաց Փաշինյանը։

Շարունակելով նշեց՝ հարց կծագի՝ հիմա հայրենասե՞ր չէ․«Իհարկե հայրենասեր եմ, ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ։ Ինչպե՞ս ուրեմն լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը։ Իսկ պատճառը հայրենասիրության մոդելն է, հայրենասիրության բանաձևը, որի մասին խոսել եմ դեռ 2020 թվականին։ Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը, ո՞նց է ձևավորվել այդ մոդելը։ Այդ մոդելը խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր»։

Փաշինյանի խոսքով՝ մենք չենք էլ նկատել, որ մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-ից 1980-ական թվականները ձևավորված գրքերի, երգերի, բանաստեղծությունների, կերպարվեստի գործերի ու պիեսների վրա, որտեղ ուղերձները ձևակերպել ու  պարփակված է եղել Խորհրդային Միության գլավլիտով։

Փաշինյանը նշեց, որ Անկախության հռչակագրի ընդունման 35 ամյակի առիթով հղած իր ուղերձում անդրադարձել է հայրենասիրության մոդելին․«Հայրենասիրության այդ մոդելը որը խորհրդային միությունը ձևավորել էր մեզ հայերիս համար արտահայտում էր երկրորդ աշխարհամարտում հաղթած և հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության մեջ մտած այդ պետության ԽՍՀ ամբիցիաների հարավ-արևմտյան ուղղությունը։ Այդ մոդելը մյուս կողմից կոչված էր ապահովելու հայկական ԽՍՀ-ում գոյություն ունեցող հայրենասիրական ընկալումների արտահանումը Հանրապետության տարածքից, նրա տեղային արտահայտումը թույլ չտալու համար։ Այս գաղափարաբանությունը տասնամյակներով է սերմանվել գրքերի, ֆիլմերի, պիեսների, թատերական ներկայացումների միջոցով, և այսպես ձևավորված մեր սոցիալ հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը։ Մենք բոլորս, ինձնից սկսած և շարունակած մյուսներով, այդ սոցիալ հոգեբանության կրողն էինք։ ԽՍՀ-ն կողմից ձևավորված այդ սոցիալ հոգեբանությունը 90-ականներին փոխանցվեց Հայաստանի Հանրապետությունում ձևավորված սերունդներին, և այդ սոցիալ հոգեբանության խորքային և ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետության գոյության ռազմավարական անհնարինություն էր, որովհետև շրջանակի կոնֆլիկտային ենթատեքստ ունեցող երկիրը չի կարող իրական անկախություն կառուցել։ Պարզ է, չէ, Հայաստանում օրգանիկ կային հայրենասիրական մղումներ, բնականաբար, և ուժեղ բավականին հայրենասիրական։ Խորհրդային Միությունը համարեց, որ կարելի է հաճելին օգտակարի հետ համատեղել։ Ասվում էր՝ հայրենասեր եք, շատ լավ, ձեր հայրենասիրությունը եկեք ուղղորդենք դուրս, Հայկական ԽՍՀ–ից դուրս, դեպի արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ։ Սա է ամբողջ պատմությունը»։

 

Նորություններ