Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան հարցաքննվել է լրագրող Հակոբ Կարապետյանի ծեծի գործով․պաշտոնյան պնդում է, որ Կարապետյանն է իրեն վիրավորել ու հայհոյել

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանն իր հետ առնչվող ծեծի գործով հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Այս մասին Բաբայանն ասաց լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում։
«Ես հարցաքննվել են քննչական կոմիտեում, ունեմ վկայի կարգավիճակ։ Հուսով եմ, որ շուտով իրավապահ մարմինները բոլոր հարցերի պատասխանները կտան»,-ասաց Բաբայանը՝ հերքելով տեղեկությունները, թե կապ ունի լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու հետ։
«Տվյալ անձը լրատվամիջոցներին հայտնել է, որ ես եմ իրեն հայհոյել, իսկ ինքը փորձել է խոսակցությունը տանել ավելի կոռեկտ դաշտ, որը իրավակությանը չի համապատասխանում։ Ես պատասխանել եմ այն կոնտեքստով, ինչով, որ նա ինձ վիրավորել է, որից անմիջապես հետո ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանից հետո խնդրել եմ ուղղակի իր հեռախոսահամարը՝ հասկանալու համար, թե ո՞նց կարա անծանոթ մարդը դիմացինին ուղղակի չճանաչելով հայհոյանքներ տեղալ։ Նորից եմ ստացել հայհոյանքներ տարափ, և ուղղակի դադարել է շփումը։ Այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվել է, որից երկու օր հետո տվյալ անձը չհանգստանալով զանգում է իմ աշխատանքային ընդունարան, գործավարին խնդրում է, որ փոխանցեն ինձ իր հեռախոսահամար, որ ես իր հետ կապնվեմ։ Հասկանալով, որ իմ կարծիքով, գործ ունենք քաղաքական ինչ-որ պատվերի հետ, ես փորձում եմ զերծ մնալ այդ ամեն ինչից և չեմ էլ զանգում իրեն, որից հետո անձը տեսնելով, որ ես իրեն չեմ զանգում, Messenger հավելվածի միջոցով 10-15 նամակագրություններ է ուղարկում, այդ թվում ինձ և իմ ազգականներին, իմ ընկերներին, իմ աշխատանքային թիմին հայհոյանքների մի տարափ է գալիս։ Այդ դեպքում նոր ես զանգում եմ իրեն, հասկանալու համար ինչ է կատարվում։ Մարդը իմ ձայնը լսելուց հետո հասկանալով, որ ես եմ, անջատում է։ Այսքանով մեր խոսակցությունը, մեր դիալոգը սահմանափակվել է»,–ասաց Բաբայանը։
Նա վստահեցրեց, թե Հակոբ Կարապետյանին երբևէ չի տեսել, նրան չի ճանաչում ու որեւէ առնչություն չի ունեցել նրա հետ։
«Մենք բռնությունը դատապարտում ենք անկախ ամեն ինչից։ Արդար քննադատությունը մեր համար ընդունելի է, բայց դա չի նշանակում որ մարդը նամանավանդ լինելով ժամանակին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ, պիտի անցներ այս սահմանները։ Դա իրեն կամ ցանկացած մարդու իրավունք չէր տալիս դիմացին սեռական բնույթի հայհոյանքներ տալ»,-նշեց Բաբայանը։
Նրա խոսքով․«Քանի որ Հակոբ Կարապետյանը կոնկրետ ուղղորդում է իմ ուղղությամբ, ես այլ համոզմունք ունեմ, թե ինչի չենք նայում, որ երբ անծանոթ մարդուն կարա այս աստիճան վիրավորանքներ հասցնի, ուրեմն նա այդ կոնտեքստով շփվում է բոլոր այն մարդկանց հետ, որոնք իրեն ուղղակի հաճելի չեն կամ իրեն այդպես հրահանգավորում է գալիս։ Ինչի՞ են բացառում, որ այս մարդը մենակ ինձ կարար նման կոնտեքստով բաներ գրել»։
Բաբայանն ասաց, որ դատական հայց է ներկայացնելու։
Հիշեցնենք, որ վերջերս լրագրող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախկին Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն, իր հասցեին հնչել են սպառնալիքներ, ապա որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձը ծեծի է ենթարկել իրեն։ Հարուցվել է քրեական գործ։
Օրեր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։