Էդմոն Մարուքյան. Չորրորդ Հանրապետության մասին հայտարարությունը մանիպուլյացիա է, այն ենթադրում է Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական ինքնության վերանայում

Փաշինյանի «Չորրորդ Հանրապետության» մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դատարկ մանիպուլյացիա, որը քողարկում է Ադրբեջանի ևս մեկ պահանջի կատարումը։ Այս կարծիքին է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «կուսակցությունը հռչակում է Չորրորդ Հանրապետության հաստատումը», որը լինելու է իշխող կուսակցության ռազմավարական նպատակը։ ՔՊ-ն մտադիր է այս գաղափարախոսությամբ մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններում։ Հաղթանակի դեպքում հաջորդ քայլը կլինի Սահմանադրության փոփոխությունը՝ նոր կարգավիճակն ամրագրելու համար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Չորրորդ Հանրապետության հռչակումով, Փաշինյանը պարզապես փորձում է հանրության ուշադրությունը շեղել հրատապ խնդիրներից և կառչել իշխանությունից։
RegionsTV-ի հետ զրույցում մեկնաբանելով կուսակցության համաժողովում Փաշինյանի ելույթը՝ Էդմոն Մարուքյանն ասաց՝ Չորրորդ Հանրապետության մասին հայտարարությունը մանիպուլյացիա է, այն ենթադրում է Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական ինքնության վերանայում:
Նրա խոսքով՝ այս նուրբ ձևակերպված հայտարարությունների հետևում Փաշինյանը պարզապես թաքցնում է իր սեփական պատասխանատվությունը, թաքցնում Ադրբեջանի վերջին պահանջի կատարումը և արդարացնում հետագա զիջումների քաղաքականությունը:
«Խոսքը Հայաստանի Հանրապետության հիմնադրման ամենակարևոր իրավական և քաղաքական հիմքի՝ Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից հեռացնելու պահանջի մասին է։ «Ստեղծման» քողի տակ ևս մեկ նվաստացուցիչ քայլ քողարկելու համար Փաշինյանը հայտարարում է «Չորրորդ Հանրապետության» ստեղծման մասին։ Սա նրա «ինչ-որ բան հիմնադրելու» մոլուցքի դրսևորումն է՝ այստեղից էլ՝ «Չորրորդ Հանրապետության» մասին ներկայացումը»,-ասաց Մարուքյանը։
Միևնույն ժամանակ, Մարուքյանը շեշտեց, որ Անկախության հռչակագրի մերժումը ոչ միայն ձևականություն է, այլև պատմական հիշողության և ազգային ինքնության մերժում։
Նրա կարծիքով՝ «քանի որ «Չորրորդ Հանրապետությունը» առասպել է, դրա «նպատակները» քննարկելը անիմաստ է և պարզապես հիմարություն։ Փաշինյանի նպատակը հստակ է՝ վերագործարկել աբսուրդային պատմությունը և փորձել այն օգտագործել վերընտրվելու համար»։
Ինչ վերաբերում է «Իրական Հայաստանի գաղափարախոսությանը», հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանն ասաց, որ այն որևէ կապ չունի մեր երկրում տեղի ունեցող իրական գործընթացների հետ։
«Իրական» և «պատմական» Հայաստանի համադրումը արհեստական է, այն հասարակական կարծիքը մանիպուլացնելուն է ուղղված։ Հայաստանում ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարծում, որ հետխորհրդային ժամանակակից Հայաստանը պետք է հարաբերություններ կառուցի կամ պահանջներ ներկայացնի «պատմական Հայաստանի» ոգով։ Սա միֆ է, որը շրջանառության մեջ է դրվել ու ծառայում է, որպեսզի արդարացնեն իրենց հակապետական քաղաքականությունը»,-ասաց քաղաքագետ Մարուքյանը։
Կուսակցության համաժողովում Փաշինյանը նշել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումը խաղաղ զարգացման դարաշրջանի սկիզբ դրեց։ Հայտարարվեց, որ «Չորրորդ Հանրապետությունը շարունակելու է բոլոր հարեւանների հետ խաղաղություն եւ բարիդրացիություն հաստատելու ժողովրդի կողմից ձեւակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբար ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա», «Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը»։ Փաշինյանը վստահեցրել է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները «տրանսֆորմացիայի» փուլում են, բայց, ի վերջո, դրանք ավելի ամուր կդառնան, քան նախկինում էին։
Սակայն Էդմոն Մարուքյանն այլ կարծիքի է։ Ըստ նրա՝ այսպես կոչված «խաղաղ զարգացման դարաշրջանը» պայմանագրի նախաստորագրումից հետո իրականում նոր փուլ չէ, որը կբերի խաղաղություն․«Այս փաստաթուղթը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին, այն կասկածի տակ է դնում մեր պետականության ներկան, անցյալը և ապագան: Այն ենթադրում է լուրջ զիջումներ: Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Հայաստանը ոչինչ չի շահի: Իրական խնդիրն է պայքարել փաստաթղթի վերանայման և վերաձևակերպման համար, և ես համոզված եմ, որ նախքան դրա ստորագրումը անհրաժեշտ է իշխանափոխություն՝ ժողովրդավարական ճանապարհով, որպեսզի նոր ղեկավարությունը կարողանա պնդել փաստաթղթի ավելի բարենպաստ տարբերակը»:
Այնուամենայնիվ, Էդմոն Մարուքյանը ընդգծեց, որ խաղաղության փաստաթղթի նախաստորագրումից հետո այսպես կոչված «խաղաղ զարգացման դարաշրջանը» իրականում չի ներկայացնում նոր փուլ, որը կբերի խաղաղություն: Այս փաստաթուղթը չի ծառայում Հայաստանի Հանրապետության շահերին, այն կասկածի տակ է դնում մեր պետականության ներկան, անցյալը և ապագան: Այն ներկայացնում է լուրջ զիջումներ: Եթե այն ստորագրվի, Հայաստանը ոչինչ չի շահի: Իրական խնդիրն է պայքարել փաստաթղթի վերանայման և վերաձևակերպման համար, և ես համոզված եմ, որ նախքան դրա ստորագրումը անհրաժեշտ է ժողովրդավարական իշխանափոխություն, որպեսզի նոր ղեկավարությունը կարողանա պաշտպանել ավելի բարենպաստ տարբերակը:
Համաժողովում Փաշինյանը նաև հայտարարեց, որ «մեր պետությունը, մեր մեքենաները ճիշտ կառավարելու և այն մեր երազած վիճակին հասցնելու համար մենք պետք է պահպանենք ճանապարհային երթևեկության կանոնները»։
Այս առնչությամբ էլ Էդմոն Մարուքյանն ասաց՝ կարևոր է պաշտպանել ազգային շահերը․«Աշխարհի երթևեկության կանոններով» Փաշինյանն, ըստ էության, մեղադրում է Հայաստանին և հայ ժողովրդին բոլոր խնդիրների համար։ Նա ընդունում է ադրբեջանական այն նարատիվը, որ Հայաստանն է հակամարտության աղբյուրը։ Սակայն սա ճիշտ չէ. հայ ժողովուրդը վերապրել է ցեղասպանություն և միշտ եղել է բռնության զոհ։ Մեղքը սեփական ժողովրդի վրա բարդելը անընդունելի և անազնիվ է։ Եթե կան «գլոբալ երթևեկության» կանոններ, դրանք պետք է հիմնված լինեն հավասարության, ինքնիշխանության հարգանքի և արդարադատության վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների պարտադրման վրա»։
Զաբելա Ավագյան