Հինգ տարի առաջ այսօր սկսվեց 44-օրյա պատերազմը | Region

Հինգ տարի առաջ այսօր սկսվեց 44-օրյա պատերազմը

Սեպտեմբեր 27,2025 10:00

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանական զինված ուժերը շփման գծի բոլոր ուղղություններով կիրառում էին անօդաչու թռչող սարքեր, հրետանի, արգելված զենքեր, հրթիռակոծում էին խաղաղ բնակավայրերը։ Հայաստանում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն։

Զինադադար հաստատելու անարդյունք փորձեր եղան։ 44-օր տևած պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրեց տարածքներ ու մեծ թվով զոհեր։

Ըստ Քննչական կոմիտեի՝ պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը 3812 է, 236-ն անհետ կորած են։

2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Քարվաճառի, Աղդամի շրջանները, Շուշին, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր։ Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։  Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը կրկին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։

Արցախի իշխանությունները հայտարարեցին Արցախի Հանրապետության լուծարման մասին, Արցախը հայաթափվեց,  120 հազար արցախցի բռնի  տեղահանվեց։

Ադրբեջանը ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ներկա ու նախկին ղեկավարներին։ Այսօր Բաքվի բանտերում 55 հայ է պահվում։  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տվյալներով՝ նրանցից 6-ը  քաղաքացիական գերեվարված անձիք են, 41-ը՝ ռազմագերի, 8-ը՝ քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալ։

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարակել էր Ադրբեջանի կողմից ձերբակալված 23  հայերի անուններն ու տվյալները։

Նրանցից քաղաքական բանտարկյալներ են՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԼՂ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։

Քաղաքացիական գերիներն են՝ Վիգէն Էօլճեքճեան,  Դավիթ Դավթյան, Գևորգ Սուջյան,  Վագիֆ Խաչատրյան,  Ռաշիդ Բեգլարյան, Մադաթ Բաբայան։

Ռազմագերիներն են՝ Ալյոշա Խոսրովյան,  Լյուդվիգ Մկրտչյան, Դավիթ Ալավերդյան, Լևոն Բալայան, Վասիլի Բեգլարյան,  Էրիկ Ղազարյան,  Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Գուրգեն Ստեփանյան։

Նորություններ