Նժդեհ Իսկանդարյան. Փաշինյանն իրավունք չունի խոսել արցախցիների անունից, չի կարող արցախցիների վերադարձի հարցը վնասել խաղաղության համաձայնագրին | Region

Նժդեհ Իսկանդարյան. Փաշինյանն իրավունք չունի խոսել արցախցիների անունից, չի կարող արցախցիների վերադարձի հարցը վնասել խաղաղության համաձայնագրին

Հոկտեմբեր 03,2025 11:07

Փաշինյանի հայտարարությունները լուրջ մտահոգություն են առաջացնում, հատկապես հաշվի առնելով նրա ցանկությունը՝ տարածաշրջանում իրավիճակը ներկայացնել Ադրբեջանի համար բարենպաստ լույսի ներքո։ Այսպիսի կարծիք հայտնեց  RegionsTV-ին Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Նժդեհ Իսկանդարյանն՝  անդրադառնալով Հայաստանի վարչապետի վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում արած հայտարարության մասին։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ-ում ԵՄ պատգամավորների հարցերին պատասխանելով, ասել է․ «Լեռնային Ղարաբաղ հայ փախստականների վերադարձն իրատեսական չէ։ Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցներին, ուզում եմ ասել, որ այդ հարցի վերաբերյալ մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն նրանց բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի։ Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանարապետությունում՝ ՀՀ քաղաքացիությամբ»։

Արձագանքելով Փաշինյանի այս հայտարարությանը, Նժդեհ Իսկանդարյանը մեզ հետ զրույցում ասաց․«Երկու պետությունների միջև խաղաղության մասին խոսելու համար, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկվեն: Ես չեմ կարծում, որ արցախցիների վերադարձը կարող է վնասել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, բայց մարդու իրավունքի, միջազգային իրավունքի տեսանկյունից դա պարտադիր պայման է: Վստահ եմ, որ հենց առաջին քայլը արցախցիների վերադարձն է Արցախ, իրենց պատմական հայրենիք: Մնացած ամեն ինչ կեղծ թեզեր են, որոնք Ադրբեջանն ու  Հայաստանի վարչապետը փորձում են օգտագործել ի շահ իրենց»:

Իսկանդարյանի պնդմամբ՝ Փաշինյանն իրավունք չունի խոսելու Արցախի ժողովրդի անունից, քանի որ նրա բոլոր գործողությունները հակաարցախյան են։

«Վերջերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունը փակված է, բայց ամբողջ ազգի հարցը չի կարող լուծվել նման անարդարությամբ։ Փաստորեն, փակելով Արցախի էջը, նա խաղում է ավելի քան 120,000 մարդու ճակատագրի հետ», – հավելեց նա։

Իսկանդարյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է դառնար հարթակ՝ Արցախի ժողովրդի խնդիրներն ու իրավունքները քննարկելու համար, այդ հարթակում հնարավորություն կար քննարկելու Արցախի ժողովրդի կոլեկտիվ վերադարձի հարցը և արցախյան հակամարտությունը․ «Սակայն վերջերս, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համաձայնությամբ, այն լուծարվեց, ինչը անընդունելի է, քանի որ այսօր ավելի քան 120,000 հայրենակիցներ կտրված են իրենց հայրենիքից։ Նրանց մի մասն ապրում է Հայաստանում, մի մասն արտագաղթել է։ Մենք պետք է հնարավորինս արագ գործենք, որպեսզի կանխենք այս արտագաղթը։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի Հայաստանում, որպեսզի Արցախի հարցը բարձրացվի միջազգային հարթակներում»։

Արցախի պետնախարարի դիտարկմամբ՝ տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել, դրա վկայությունն է Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը. մինչ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ԱՊՀ խաղերի բացման արարողության ժամանակ մարզադաշտում «երկաթե բռունցք» է ցուցադրվում․ «Նիկոլ Փաշինյանն անպայման պետք է խոսի Արցախի ժողովրդի վերադարձի մասին։ Կարևոր է խոսել կոլեկտիվ վերադարձի մասին՝ հակադարձելով Ադրբեջանին, որը վերջին օրերին անընդհատ շահարկում էր 300,000 ադրբեջանցիների պարտադիր վերադարձն այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան»։ Ավելին, Ալիևը տարբեր հարթակներից հայտարարում է, որ ինքը ապահովել է «Զանգեզուրի միջանցքը», և մենք գիտենք, թե որտեղ են տանում նման հայտարարությունները»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝  «Մեր հայրենակիցները՝ Ղարաբաղից փախստականները, պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիությամբ։ Մենք արդեն մեկնարկել ենք նրանց բնակարանով ապահովելու ծրագիր, որը դժվարությամբ է սկսում աշխատել, բայց համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այն ​​ավելի արդյունավետ կդառնա», հայտարարությանը, ապա Նժդեհ Իսկանդարյանն այս առնչությամբ ասաց՝ ՀՀ կառավարությունը չի անում հնարավոր ամեն ինչ սոցիալական խնդիրները արագ լուծելու համար։

«Բռնի տեղահանությունից երկու տարի անց ընդամենը մոտ 1000  արցախցի ընտանիք է կարողացել է ստանալ վկայականներ և օգտվել ծրագրից։ Սա ցույց է տալիս, որ բնակարանային ծրագիրը չի գործում։  Բնակվարձի ու կոմունալի փոխհատուցման ծրագիրը 50,000 դրամից կրճատվել է մինչև 30,000 դրամ։ Արդյունքում, հազարավոր արցախցիներ շուտով կարող են հայտնվել փողոցում։ Կան կոմունալ ծառայությունների հետ կապված խնդիրներ, և կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է ոչ միայն վերանայի, այլև ներդնի նոր, բարեփոխված բնակարանային ծրագիրը։ Հակառակ դեպքում, արցախցիները մեծ խնդիրների կբախվեն ձմռան մոտենալուն պես»,-ասաց Իսկանդարյանը։

 

Զաբելա Ավագյան

Նորություններ