«Անարդար որոշում։ Աջապահյանի խոսքերում որոշակի անհանդուրժողականության էլեմենտներ կային, բայց դա հանրության շրջանում այն վտանգը չէր ներկայացնում, որ պատճառ դառնար քրգործ հարուցելու համար» | Region

«Անարդար որոշում։ Աջապահյանի խոսքերում որոշակի անհանդուրժողականության էլեմենտներ կային, բայց դա հանրության շրջանում այն վտանգը չէր ներկայացնում, որ պատճառ դառնար քրգործ հարուցելու համար»

Հոկտեմբեր 04,2025 15:58

«Հանրային վտանգավորությունը այս գործում շատ նվազ էր: Կարծում եմ ընդհանրապես պետք չէր քրեական գործ հարուցել, դատական ակտը ես համարում եմ ոչ իրավաչափ»-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն՝ անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռին։

Երեկ  Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, Միքայել Աջապահյանին դատապարտեց 2 տարի ժամկետով ազատազրկման:

Արքեպիսկոպոսը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր» անելու համար:

Հիշեցնենք,  ըստ դատախազության՝ «ԳԱԼԱ TV» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 3-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանը նշել է. «Հիմա էտ ա, ինձ վերապահված հարգանքը սրա է նման, հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա։ Է երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է», ապա ավելացրել՝ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին․․․»:

Ապա, ինչպես հայտարարել է դատախազությունը, Միքայել Աջապահյանը «News.am» լրատվական կայքում 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցում  ի պատասխան լրագրողի հարցին՝ նշել է. «Շատ էլ լավ եմ արել, զավթելու ոչ, երբեք, զավթելու կոչ չեմ արել։ Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը․․․»։

Արա Ղազարյանի կարծիքով՝ ճիշտ է, Միքայել Աջապահյանի հայտնի խոսքերում որոշակի անհանդուրժողականության էլեմենտներ կային, բայց այս համատեքստում դա հանրության շրջանում չէր ներկայացնում այն վտանգը, որպեսզի պատճառ դառնար քրեական գործ հարուցելու համար:

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս դատարանի կայացրած որոշումը անհամաչափ է համարում:

RegionsTV-ի հետ զրույցում նա նշեց, որ տվյալ գործը դասվում է այն հոդվածների շարքին, երբ հնարավոր կատարած հանցանքի ազդեցությունը կամ ծանրությունը շատ մեծ լայնույթ ունեն, և այս դեպքում դատավորը ինքը պետք է գնահատեր հնարավոր հանցանքի ծանրությունը, անկախ այն հանգամանքից, թե ինչ պատիժ է պահանջել դատախազը:

Բարսեղյանը որոշումը անարդար է համարում.«Ես համարում եմ, որ անարդար է վարվել դատավորը։ Ես չեմ լինի իր տեղում, բայց եթե լինեի՝ սա այն դեպքն էր, երբ կարելի էր սահմանափակվել անգամ տուգանքի ենթարկելով: Հայաստանում ամեն երկրորդը նույն բանն է ասում, ինչո՞ւ չեք դատում, իսկ Աջապահյանին դատում եք»:

Լևոն Բարսեղյանը այս թեմայով նաև սոցիալական ցանցում է գրառում արել, հեգնելով․« Միքայել Աջապահյանին դատող Արմինե Մելիքսեթյանը, որ ոստիկանության համակարգում ուսուցման աշխատանքի մեծ փորձ ունի, երեկվա իր վճռով ուզում է տպավորություն թողնել, թե Քրեական օրենսգրքի 422 հոդվածի պատժամիջոցների ցանկի համեմատաբար մեղմ ձեւերի ցանկը չի տեսել, կամ իր մոտի գրքից սեւ մարկերով ներկած են եղել օրինակ տուգանքների հատվածը եւ թողել են միայն մինչեւ 5 տարվա ազատազարկման տողը: Վերցրել մեծ լավություն է արել, որոշել է 2 տարով ազատազրկել»:

Բարսեղյանը նշել է՝ Արմինե Մելիքսեթյանին, եթե տրվի Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի եւ հարակցությունների գործերի քննությունը, Աջապահյանին 2 տարի տալու համատեքստում, պիտի վճռի 4-5-8 հարյուր տարվա ազատազրկումներ սահմանել մյուսների գործերով: Այսինքն, պատիժը, որ երեկ տվեց, անհամաչափ է ընդհանուր առմամբ:

Նա նաև չի բացառել, որ այս գործով փաստաբանները բողոքարկելու են, «հասնելու են ՄԻԵԴ, եթե ստեղ բան չփոխվի, վերջը կամ վերանայելու են էդ պատժի միջոցն ու չափը, կամ չեն վերանայելու: Առաջին դեպքում, 2019թ. դատավոր դառած մարդը խայտառակ է լինելու, ԲԴԽ-ում լսվելու է այդ խայտառակությունը, երկրորդ տարբերակի դեպքում հանրային ընկալումներում մնալու է ծանր նստվածք, թե «խոսքի ազատության համար մարդուն ազատազրկեցին»: Խոսքս իշխանությունը զավթելու ու սահմանադրական կարգը բռնի փոխելու գաղափարի կողմնակիցների եւ նվիրյալների մասին չէ, իրենց համար նույնիսկ արդարացման վճռով դատավարությունն է մերժելի մոտավորապես հետեւյալ բացատրությամբ, թե «Հայաստանում ամեն երկրորդը նույն բանն է ասում, ընչի՞ չեք դատում, իսկ Աջապահյանին դատում եք»: Խոսքս հարաբերականորեն չեզոք եւ իշխանությունը զավթելու ու սահմանադրական կարգը բռնի փոխելու գաղափարի հակառակորդների (այդ թվում՝ իմ) ընկալումների մասին է, ես եւ իմպես մտածողները, որքան էլ մերժելի եւ դատապարտելի ենք համարում նման կոչերը, համարում ենք, որ դատավորի «սխրանքը» ամոթալի է արդարադատության որակի տեսանկյունից, թեպետ լիարժեքորեն տեղավորվում է Հայաստանյան արդարադատության խայտառակ վիճակի համատեքստում»:

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ