«Զեղծարարների համար տարիքային տարբերություն չկա»․ ինչպե՞ս խուսափել նրանց զոհը դառնալուց
Վերջին տարիներին կիբերհանցագործությունների թիվը Հայաստանում զգալիորեն աճել է։ Թվային միջավայրի զարգացումը, սոցիալական ցանցերի, առցանց վճարային համակարգերի լայն կիրառությունը ստեղծել են նոր հնարավորություններ, բայց նաև նոր ռիսկեր։ Այսօր կիբերհանցագործները գործում են առավել կազմակերպված մեթոդներով՝ կիրառելով հոգեբանական մանիպուլյացիաներ, կեղծ էջեր և տեխնիկական հնարքներ՝ անձնական տվյալներ կամ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։
Բազմաթիվ քաղաքացիներ թվային հանցագործությունների հետևանքներն իրենց մաշկի վրա են զգացել և զգում են։ Օրինակ, վերջերս մի քաղաքացի «Հայփոսթ»-ից նամակ էր ստացել՝ տեղեկացնող, որ ծանրոց ունի և պետք է լրացնի իր տվյալները, որպեսզի այն առաքեն։ Հետագա իրադարձություններից պարզ է դառնում, որ նամակը կեղծ է և քաղաքացու քարտից ամբողջ գումարը հափշտակվել էր։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Regions TV-ի հետ զրույցում անդրադարձավ զեղծարարների գործելաոճին՝ ներկայացնելով, թե նրանք մարդկանց իրենց ծուղակը գցելու նպատակով ինչ մեթոդներ են կիրառում։

Սամվել Մարտիրոսյան
«Այսօր սոցիալական ցանցերը մարդկանց ինչ-որ զեղծարարական սխեմաների մեջ ներգրավելու հիմնական միջոցներից են։ Մեծ հաշվով զեղծարարները, կիբերհանցագործներն իրենց գործողություններն իրականացնում են կամ նամակի միջոցով, կամ WhatsApp-ով, Viber-ով, իսկ հիմնականում Facebook, Instagram, Tik-Tok հարթակներով, որովհետև մարդիկ էլ են հիմնականում այնտեղ ներգրավված»,- հայտնեց մեդիափորձագետը։
«Ամենատարածված զեղծարարություններն իրականացվում են թվային տիրույթում, դրա ամբողջ իմաստն այն է, որ մարդկանց համոզեն տրամադրել իրենց գումարները, կամ խաբելով ներկայացնում են, որ ինչ-որ իրական հարթակից, ծառայությունից կամ «Հայփոսթ»-ից նամակ են ստացել, որ ծանրոց ունեն, և առաքելու համար պիտի քարտային տվյալներ լրացնեն։ Շատ տարածված ձևերից մեկն ինչ-որ շահումներն են, նվերները, բայց ավելի երկարաժամկետ ու ավելի մեծ կորուստներ պատճառողը տարբեր տիպի ներդրումներն են, երբ մարդուն համոզում են կրիպտոարժույթների մեջ ներդնել կամ ինչ-որ հայտնի ընկերության, և երկար ժամանակ մարդուց գումար են կորզում, այստեղ կորուստները հասնում են ընդհուպ մինչև 100․000 դոլարի»,- շարունակեց Սամվել Մարտիրոսյանը։
Ըստ փորձագետի, կոնկրետ տարիքային խումբ չկա, շատերը կարծում են, որ ավագ սերունդն ավելի խոցելի է, բայց փաստացի նրանք իրենց գրպաններում չունեն այն ֆինանսական միջոցները, որն ունի այսօրվա երիտասարդությունը։
«Զեղծարարների համար տարիքային տարբերություն չկա, նրանց նշանառության տակ բոլոր կատեգորիայի մարդիկ են։ Նրանք նույնիսկ չեն բնակվում այն երկրում, որտեղ անում են զեղծարարությունը։ Կիբերհանցագործությունների շատ դեպքեր կան, որ հայտնաբերվում են, ուղղակի խնդիրը հիմնականում նրանում է, որ զեղծարարարները սովորաբար չեն գործում այն երկրներում, որտեղ բնակվում են, թիրախավորում են ուրիշ երկրներ, դրա համար գնալով ավելի է դժվարանում նրանց հայտնաբերելը, բայց անհնար չէ»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։
Տիրուն Մարգարյան
