«2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, իսկ Հայաստանը՝ ոչ»․ Ռուբինյանն արձագանքում է Բաքվի հայտարարություններին
«Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Բայրամովը նոյեմբերի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ իրենց կողմից արված բանակցությունների մի քանի առաջարկներից հայկական կողմը անձամբ է հրաժարվել, որոնցից մեկն էլ եղել է 2019 թվականին։ Բայրամովը նաև ասել է, որ 2018-ին Դուշանբեում Փաշինյանն Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ «․․․ես կձեռնարկեմ բոլոր քայլերը այս հարցը (ԼՂ հիմնախնդիրը, խմբ․ ) լուծելու համար»։ Սակայն, ըստ Բայրամովի, 2019 թվականին Վիեննայում Փաշինյանը կտրուկ փոխել է դիրքորոշումն ասել, որ «չի կարող և չի լուծի ԼՂ հարցը, նույնիսկ պնդելով, որ եթե դա անի, «ինձ կսպանեն»։ Այնուհետև նա հռետորականորեն հարցրեց նախագահ Ալիևին՝ «Դուք ուզո՞ւմ եք, որ ինձ սպանե՞ն»։
Բացի այս, Ադրբեջանի արտգործ նախարարը նաև ասել է, որ «Փաշինյանը պնդել է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է ընդհանրապես քննարկել այս հարցը, ապա պետք է բանակցի ոչ թե Հայաստանի, այլ «Լեռնային Ղարաբաղի» հետ։ Ի՞նչ է սա նշանակում։ Դա նշանակում է երկարատև բանակցային գործընթացի ոչնչացում»։
Ռուբեն Ռուբինյանն այս առնչությամբ ասաց․«2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, իսկ Հայաստանը՝ ոչ։ Ընդհանրապես, 2008 թվականից սկսած, երբ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները եղել են նույն էության մեջ։ Թե, ի՞նչ է նշանակում Մադրիդյան սկզբունքներ, շատ լավ նկարագրել է Լևոն Տեր- Պետրոսյանը։ Նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում։ Իսկ ինչ վերաբերում է 2019 թվականի առաջարկին, այդ ժամանակ նախագահը Արմեն Սարգսյանն էր, ու բանակցությունները չէր վարում Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, այդ փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ-որ համագումար, որը Հայաստանը չի մերժել»։
Լրագրողների դիտարկմանը՝ Բայրամովը հիշատակել է Բաքվի հավաքագրած փաստերը, որոնցից մեկն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ բանակցությունները սկսվելու են զրոյական կետից, Ռուբինյանն ասաց՝ նման հայտարարություններ եղել են միշտ, ու դրանք չեն կարող պատերազմի հրահրման պատճառ դառնալ։
Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով նախկին նախագահների մեղադրանքներին, ասաց․«Եթե ձեր ժամանակ քննարկվում էր այդ «հանճարեղ» լուծումը, ինչո՞ւ այն չի իրագործվել։ Գուցե այն պատճառով, որ Ադրբեջանը դրան չի համաձայնել։ Եթե անգամ Ադրբեջանը համաձայներ, հայտնի է, թե այն իրենից ի՞նչ էր ենթադրելու։ Յոթ շրջանների վերահսկողության հանձնում Ադրբեջանին, և ԼՂ-ի շուրջ ռուս խաղաղապահ զորամիավորման տեղակայում։ Անգամ նման պայմաններում, Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղը»։
Ի պատասխան իշխանության հասցեին հնչած քննադատությանն ու 44-օրյա պատերազմում պարտության պատճառներին, Ռուբինյանը կրկին «մեղքը բարդեց» նախկինների վրա․«Այն տարիներին, երբ պետք էր մեծացնել ՀՀ-ի ռազմական բյուջեն, օգտագործվել են Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար։ Արդյունքում, ռազմական բյուջեների հարաբերակցությունը ադրբեջանականի հետ 1:1-ից դարձել է 1:5-ի։ Բալանսը խախտված էր այնպես, որ չկար զսպիչ հանգամանք։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիները եղել են խաղաղ պարտքով վերցրած տարիներ»։
Անդրադառնալով Արծվաշենի խնդրին և հարցին՝ որտեղի՞ց առաջացավ այդ թեման, Ռուբինյանը պատասխանեց․ «Արծվաշենի թեման ծագել է այն պահից, երբ այն օկուպացվել է»։
Նա հայտնեց, որ անկլավային հարցերը պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։
Հարցին, ի՞նչ նորություններ կան սահմանազատման գործընթացից, նա ասաց, որ սահմանազատման հանձնաժողովի հանդիպում վերջին շրջանում չի եղել․ «Սահմանազատման հետ կապված՝ այդ թվում անկլավային հարցերով, որևէ նորություն չկա»։
Նիկոլ Մարգարյան
