Արմեն Պետրոսյան. Իսրայելը կարող է խախտել Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը
Չնայած Իրանի և ԱՄՆ միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնությանը, իրավիճակը Մերձավոր Արևելքում մնում է ծայրահեղ անորոշ։ Իսրայելը շարունակում է ակտիվ մարտական գործողությունները, ինչն ապացուցում է հրադադարի ռեժիմի խախտման և Իրանի ու ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու խոչընդոտների հնարավորությունը։ Ընդհանուր առմամբ, պարզվեց, որ իսրայելական գործոնն ամենակարևորն է։ ԱՄՆ-ի ներգրավումը պատերազմին տեղի ունեցավ Իսրայելի պնդմամբ, և նրա ակտիվ գործողությունների հետևանքով Իրանը կրեց հսկայական վնասներ և զգալի կորուստներ, որոնց հետևանքները կզգացվեն մոտ ապագայում։ Ճիշտ է, Իրանը մնում է ուժեղ պետություն տարածաշրջանում, սակայն նրա ռազմավարական ներուժը զգալիորեն նվազել է՝ հիմնականում Իսրայելի հաշվարկների և Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ իրականացված ռազմավարական գործողությունների արդյունքում։

Արմեն Պետրոսյան
RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածաշրջանային քաղաքականության փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով դեռ նախօրեին Իրանին «դժոխքով» էր սպառնում, թե ոչնչացնելու է Իրանում քաղաքակրթությունը, համաձայնեց երկշաբաթյա ժամկետով դադարեցնել հարվածներն Իրանին՝ Հորմուզի նեղուցի բացման պայմանով, իսկ Թեհրանը հաստատեց զինադադարի և բանակցությունների անցնելու պատրաստակամությունը։ Համաձայնության մասին հայտնի դարձավ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնագրի ժամկետի ավարտից ընդամենը մեկ ժամ առաջ։
Սակայն ԱՄՆ-ի և Իրանի հայտարարած զինադադարը չհանգեցրեց Մերձավոր Արևելքում լարվածության նվազմանը։ Իրանի հետ կրակի դադարեցման համաձայնությունից ընդամենը մի քանի ժամ անց իսրայելական զորքերը հասցրին ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածային հարվածը Լիբանանի ավելի քան 100 թիրախների ուղղությամբ, ինչով, ըստ Իրանի, խախտեցին պայմանավորվածությունները։ Թեհրանը պատասխան հարվածներ հասցրեց Իսրայելին։ Իրանը և Պակիստանը, որը հանդես է եկել որպես զինադադարի միջնորդ, հայտարարել են, որ հրադադարի ռեժիմը տարածվում է նաև Լիբանանի վրա։ Իրանական «Tasnim» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել համաձայնագրից, եթե հարձակումները շարունակվեն։ Իրանը սկզբում բացեց, իսկ հետո կրկին փակեց Հորմուզի նեղուցը։ Ի պատասխան՝ Թրամփը սպառնում է ավելի կոշտ հարվածներով, եթե երկշաբաթյա զինադադարը չպահպանվի, իսկ փոխնախագահ Վենսը սպառնացել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա հրադադարի ռեժիմից։
Պակիստանն ակնկալում է, որ ուրբաթ օրը այդ երկրում կսկսվեն բանակցություններ՝ հրադադարի ռեժիմն ավելի ամուր խաղաղության համաձայնագրով ամրագրելու նպատակով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչիի խոսքով՝ ԱՄՆ-ն համաձայնել է դիտարկել տասը պահանջ. չհարձակման պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանում, Իրանի տարածքում ուրանի հարստացման ԱՄՆ-ի համաձայնություն, հիմնական պատժամիջոցների չեղարկում, երկրորդային պատժամիջոցների չեղարկում, փոխհատուցման վճարում, Մերձավոր Արևելքից «բոլոր ամերիկյան ուժերի» դուրսբերում, մարտական գործողությունների դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում, Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի չեղարկում և Իրանի դեմ ՄԱԳԱՏԷ-ի որոշումների չեղարկում։
Արմեն Պետրոսյանն առանձնացնում է երկու հիմնական գործոն, որոնք խոչընդոտում են իրավիճակի երկարաժամկետ կանխատեսմանը.«Անվստահություն ԱՄՆ-ի և Իրանի միջև. բանակցությունների նախորդ փորձը, որը ընդհատվեց 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվարի 28-ին՝ պատերազմից առաջ, թողել է անվստահության բարձր մակարդակ։ Անորոշությունն այն է, թե արդյոք ապագա բանակցությունները կկարողանան հասնել ցանկալի արդյունքի, հատկապես հաշվի առնելով Իրանի կողմից ներկայացված պայմանները։ ԱՄՆ-ի կողմից այդ պայմանների ընդունումը կնշանակեր Իրանի հաջողություն, սակայն պարզ չէ՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի դրանց։ Սա կարող է լուրջ խոչընդոտ դառնալ հրադադարի պահպանման համար։
Իսրայելական գործոն. Իսրայելը չի մասնակցել ոչ կրակի դադարեցման համաձայնությանը, ոչ էլ իրանա-ամերիկյան բանակցություններին։ Իսրայելի համար ներկայիս իրավիճակն օգտագործվում է նախընտրական քարոզարշավում ընդդեմ վարչապետ Նեթանյահուի՝ որպես ձախողման վկայություն։ Սրա հետ կապված՝ բարձր է հավանականությունը, որ Իսրայելն իր գործողություններով կխախտի հրադադարի ռեժիմը։ Արդեն իսկ, զինադադարի հայտարարման պահից, նկատվում են Իսրայելի կողմից նման վարքագիծ դրսևորելու փորձեր»։
Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի բանակցությունների հաջողությունը, անորոշ իրավիճակի պատճառով, Իսրայելի կողմից ամենևին երաշխավորված չէ։ Առաջիկա օրերն ու շաբաթները ցույց կտան համաձայնագրի արդյունավետությունը, մասնավորապես՝ նոր պատերազմի բացակայության երաշխիքները։ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են օգտագործել այս ժամանակահատվածը ներուժի վերականգնման և ռազմական գործողությունների վերսկսման համար։
Ըստ Պետրոսյանի՝ «ԱՄՆ-ի համար պատերազմի առանցքային խնդիրը Հորմուզի նեղուցի փակումն էր, ինչը սկզբունքային հարց էր Թրամփի համար։ Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին՝ Իրանը չբացեց նեղուցը։ ԱՄՆ-ի համար ամենակարևոր ձեռքբերումը Հորմուզի նեղուցի գործունեությունն է, իսկ Իրանի համար՝ բանակցությունների մեկնարկը իր օրակարգի շուրջ»։
Տարածաշրջանային փորձագետը ենթադրում է, որ «Իրանի բոլոր 10 կետերը դժվար թե ընդունվեն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, ինչը մեծացնում է զինադադարի խախտման հավանականությունը։ Իրանի պայմանների ընդունումը կնշանակեր Իրանի ռազմավարական հաջողություն և խոշոր պարտություն ԱՄՆ-ի համար, ինչն անընդունելի է։ Հավանական է սցենար, որի դեպքում կրակի դադարեցումը կշարունակվի իներցիայով, եթե պահպանվի բանակցությունների դրական ընթացքը։ Իրադարձությունների հետագա զարգացումը ցույց կտա՝ կողմերը կնախընտրեն բանակցությունների շարունակությո՞ւնը, թե՞ ռազմական գործողությունների վերսկսումը՝ պայմանով, որ Իսրայելը չի խոչընդոտի զինադադարի պահպանմանը»։
Պետրոսյանն ընդգծեց, որ այս հակամարտության կարևորագույն ասպեկտներից մեկը դրա քարոզչական և հոգեբանական մակարդակներն են, և ներկայիս իրավիճակը յուրաքանչյուր կողմին թույլ է տալիս ներկայացնել կրակի դադարեցումը որպես սեփական հաղթանակ և հաջողություն։
«Ամենից շատ շահել է Իսրայելը, քանի որ նա հասել է առավելագույն ռազմավարական հաջողությունների. հաջողվել է զգալիորեն թուլացնել տարածաշրջանում իր գլխավոր հակառակորդի ռազմական ներուժը, հեղինակությունը և ազդեցությունը։ Միացյալ Նահանգները նույնպես հաջողությունների են հասել՝ հաշվի առնելով, թե ինչ կարևոր գործողություններ են իրականացվել Իրանի տարածքում՝ ընդդեմ իշխող իրանական էլիտայի, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների, գիտական ոլորտի, ռազմավարական ենթակառուցվածքների, ինչպիսիք են միջուկային օբյեկտները, էներգետիկ օբյեկտները, նավթավերամշակման գործարանները, կամուրջները, ճանապարհները, համալսարանները և այլն։ Իրանի համար հաջողություն էր կայուն դիմադրության դրսևորումը. հակառակորդները չկարողացան հասնել վերջնական նպատակին՝ վարչակարգի փոփոխությանը, ինչը շատ զգալի ազդեցություն ունեցավ հակամարտության վրա։ Սա ուժեղացրեց միջազգային ճնշումը Միացյալ Նահանգների վրա, ինչի ազդեցության տակ Դոնալդ Թրամփը փաստացի գնաց զիջումների։ Ընդունվեց կրակի դադարեցման համաձայնությունը, և բանակցությունները սկսվեցին այնպիսի դիրքերից, որոնք նախընտրելի են, քանի որ նրա ներկայացրած 10 պայմանները փաստացի գտնվում են բանակցությունների սեղանին»,-ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա՝ Իրանի շուրջ լարվածության էսկալացիան, անկասկած, աշխարհաքաղաքական լարվածության կենտրոնական հանգույցն է, որտեղ գերտերությունների շահերը հատվում են տարածաշրջանային հավակնությունների հետ։ Վաշինգտոնի որոշումը ռազմական գործողություններ սկսելու մասին, որը թելադրված էր, ինչպես նշում է Պետրոսյանը, իսրայելական դիվանագիտության ազդեցությամբ, ԱՄՆ-ին դրեց շատերի կողմից անտեսված վիճակի մեջ։
«Իրանի դեմ պատերազմը լուրջ խնդիրներ ստեղծեց Միացյալ Նահանգների համար ոչ միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այլև ընդհանրապես մյուս գործընկերների հետ հարաբերություններում, քանի որ ոչ բոլորն էին աջակցում ԱՄՆ-ի ռազմական արշավին ընդդեմ Իրանի՝ հասկանալով, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պարզապես տեղի է տվել իսրայելական իշխանությունների ազդեցությանը։ ԱՄՆ-ն չի վայելում նման լայն աջակցություն, բացառությամբ Իսրայելի և տարածաշրջանի մի քանի դաշնակիցների։ ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրներն ավելի էին սրվել դեռ մինչև Իրանի հետ պատերազմը՝ ուկրաինական հակամարտության ժամանակ, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակ պահանջներ էր ներկայացրել ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և, բացի այդ, հրաժարվել էր ուղղակի աջակցություն ցուցաբերել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերներին, ուղղակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի։ Ուստի այդ խնդիրները գոյություն ունեին դեռ անցյալ տարվա սկզբից, երբ իշխանության եկավ Դոնալդ Թրամփի վարչակազմը, սակայն դրանք էլ ավելի սրվեցին այս պատերազմի ընթացքում։ Բնական է, որ դա կազդի ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների վրա։ Կարծում եմ, որ դրանք կլինեն բացասական հետևանքներ, և որոշակի փուլում չի բացառվում, որ դա կխարխլի ՆԱՏՕ-ի կենսունակությունը»,-նշեց Արմեն Պետրոսյանը։
Զաբելա Ավագյան
