Շիրակի մարզում 6 մարդու կյանք խլած վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ | Region

Շիրակի մարզում 6 մարդու կյանք խլած վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլ 10,2026 16:20

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում այսօր՝ ապրիլի 10–ին,  տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Այս մասին  հայտնեցին ՔԿ-ից:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ:

Նախնական տեղեկություններով  BMW եւ «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց են դուրս եկել. բախվել են միմյանց, որի հետեւանքով BMW–ն գլորվել է ձորը։

Նորություններ