«Իր ունեցվածքի վրա լծակներ ունեցող ՀՀ-ից դուրս որոշ շրջանակներ նրա ունեցվածքը ձեռքից վերցնելու են»․ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ Սամվել Կարապետյանին «բոմժ կդառնաս» ասելով | Region

«Իր ունեցվածքի վրա լծակներ ունեցող ՀՀ-ից դուրս որոշ շրջանակներ նրա ունեցվածքը ձեռքից վերցնելու են»․ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ Սամվել Կարապետյանին «բոմժ կդառնաս» ասելով

Ապրիլ 09,2026 13:45

Այսօր կաավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ավելի վաղ արած իր հայտարարությանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդի մասին։

«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»,-երեկ ասել է Փաշինյանը:

Արդյոք սա ունեզրկման մասին սպառնալիք է, լրագրողի այս հարցին ի պատասխան Փաշինյանը պատասխանեց․«Իմ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա։ Ես չեմ ասում, որ ես խոստանում եմ։ Ասում եմ՝  ես վախենում եմ, որ այդպես տեղի կունենա, որովհետև այդ անձն այն խոստումները, որ տվել է Հայաստանից դուրս որոշ շրջանակներին, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքն իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ նրա ունեցվածքը ձեռքից վերցնելու են։ Դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»։

Իսկ թե որ երկրին նկատի ունի Փաշինյանը չասաց, հորդորեց՝ թող ինքն ասի․« Ես ուրիշների խոստումները հանրությանը ներկայացնող սուբյեկտը չեմ։ Դրա համար կան սուբյեկետներ, թող իրենք պարզաբանեն՝ ում, ինչ են խոստացել, ում, ինչ են հավաստիացրել, ում առաջ ինչ են պարտավորվել։ Դա մեզ հետ կապ չունի»։

Փաշինյանը հիշեցրեց ՀԷՑ-ի պատմությունն ու ասաց՝ այն, դե ֆակտո պետականացվել է, դե յուրեն էլ տեղի կունենա․«Բայց դա արվել է այդ թվում Հայաստանի սպառողների պահանջով»։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանի» քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, որը նաև նախընտրական ցուցակն է գլխավորում, դիմել էր Փաշինյանին, ասելով․«Ցիլոյով մա՛րդ, մի՛ վախեցիր Կարապետյանից: Ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու»։

Փաշինյանը Նարեկ Կարապետյանին արձագանքել է՝ զգուշացնելով, որ վերջիններս զրկվելու են իրենց միլիարդներից և մենակ են մնալու․«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»։

Ապա Նարեկ Կարապետյանն է արձագանքել․«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ»։

«Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսա փակենք, դուք երեք հոգով եք մնալու՝ Սամվելը, Նարեկը, Կարենը, կներես 4 հոգով, որովհետև Կարենից 2 հատ կա»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ գործարար Սամվել Կարապետյանի կապիտալի մեծ մասը Հայաստանից դուրս է, հիմնականում՝ ՌԴ-ում:

Նորություններ