Գյումրու ներքաղաքային տրանսպորտն անցնում է ամառային աշխատանքային գրաֆիկի. ի՞նչ փոփոխություններ են սպասվում | Region

Գյումրու ներքաղաքային տրանսպորտն անցնում է ամառային աշխատանքային գրաֆիկի. ի՞նչ փոփոխություններ են սպասվում

Ապրիլ 09,2026 16:19

Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի հանձնարարականով՝ սույն թվականի ապրիլի 10-ից ներքաղաքային տրանսպորտը պաշտոնապես անցնում է սպասարկման ամառային ժամանակացույցի։ Փոփոխությունների նպատակն է բարելավել ուղևորափոխադրումների որակը և ապահովել տրանսպորտի հասանելիությունը նաև երեկոյան ժամերին։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջից:

Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Ավետիսյանի փոխանցմամբ՝

նոր ժամանակացույցով տրանսպորտն աշխատանքը կսկսի առավոտյան 07:30-ին և կավարտի ուշ երեկոյան՝ 22:00-ին (նախկին 21:00-ի փոխարեն)։

Սակայն ուղևորները պետք է հաշվի առնեն, որ

երեկոյան ժամերին ուղևորահոսքի նվազման պատճառով ժամը 18:00-ից հետո շարժակազմի թվաքանակը հետզհետե կկրճատվի։

Դրա հետևանքով կավելանան շարժման միջակայքերը (ինտերվալները)․

• ցերեկային ժամերին՝ մոտ 10 րոպե

• 18:00-ից հետո՝ 30-ից մինչև 40 րոպե

Այնուամենայնիվ, մինչև ժամը 22:00-ը երթուղիներում կգործեն հերթապահ մեքենաներ։

Հաշվի առնելով Օդանավակայանին հարակից թաղամասի բնակիչների բազմաթիվ խնդրանքները՝

քաղաքապետարանը փոփոխություն է կատարել ուղեգծերում։

Այսուհետ թիվ 20 երթուղին, որը նախկինում հասնում էր մինչև Օդանավակայանի օղակ,

կերկարացվի մինչև Արևելյան փողոցի միջնամաս։

Սա հնարավորություն կտա Տեքստիլ թաղամաս մեկնող բնակիչներին

օգտվել մեկ միասնական երթուղուց՝ նախկին երկուսի փոխարեն։

Չնայած իրականացվող բարեփոխումներին՝ տրանսպորտային համակարգը դեռևս ունի լուրջ խնդիրներ։

Այժմ Գյումրիում ամեն օր երթուղի է դուրս գալիս 83-84 միավոր տրանսպորտային միջոց,

որոնք սպասարկում են ընդամենը 8 երթուղի։

Գագիկ Ավետիսյանի խոսքով՝ առկա թվաքանակը բավարար չէ քաղաքի կարիքները լիարժեք հոգալու համար։

Անհրաժեշտ է ձեռք բերել ևս 40-50 նոր տրանսպորտային միջոց,

որպեսզի հնարավոր լինի ոչ միայն բարելավել գործող երթուղիները,

այլև վերագործարկել նախկինում փակված 5 երթուղիները։

Ներկայացնում ենք նաև բոլոր 8 գործող երթուղիների ժամանակացույցերը, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։

Նորություններ