Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը | Region

Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը

Ապրիլ 08,2026 17:27

Տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:

Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին՝ մաղթեց արդյունավետ պաշտոնավարում, վստահություն հայտնելով, որ դատավոր Վլադիմիր Վարդանյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:

Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում նշեց, որ դատավորի կարգավիճակով Բարձր դատարան վերադառնալն իր համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իր մասնագիտական ուղու զգալի մասն անցել է Սահմանադրական դատարանում՝ ընդգծելով, որ ջանք չի խնայելու իր փորձն ու մասնագիտական կարողությունները Բարձր դատարանի գործունեության արդյունավետությանը ծառայեցնելու համար:

Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանին հանձնվեցին Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը:

Օրեր առաջ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել էր, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը: Վլադիմիր Վարդանյանն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել մարտի 25-ին:

Նորություններ