ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու ընդդիմադիրների կարծիքով՝ խնդրահարույց նախագիծը
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթրեցմամբ 66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեցին միայն ՔՊ–ական պատգամավորները։
ՔՊ-ի ներկայացրած նախագծով սահմանվում է, որ «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ»:
Ընդդիմադիրների կարծիքով այս նախագիծն ուղղված է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի դեմ, որի անվանումն է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
Բացի այս փոփոխությունը, նախագիծը մի շարք այլ կարգավորումներ է սահմանում։ Օրինակ՝ «Ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր պարունակող քվեարկության ծրարի դեպքում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը», «Արդյունքներն ամփոփելիս սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները հաշվարկվում են որպես անվավեր:», «Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որեւէ գրառում կամ նշում կամ ծրարում սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի, առկա է ցանկացած այլ իր»,
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընտրական գործընթացներում գործնականում առաջացած խնդիրների հաղթահարումն ապահովելու, ինչպես նաեւ դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու եւ ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությամբ»։
