«Միգուցե միջանցքն այն գինն է, որ Արևմուտքը պատրաստ է վճարել, միայն թե Իրանը չհարվածի Իսրայելին» | Region

«Միգուցե միջանցքն այն գինն է, որ Արևմուտքը պատրաստ է վճարել, միայն թե Իրանը չհարվածի Իսրայելին»

Օգոստոս 24,2024 12:30

«Մենք ինչքան շուտ կարողանանք հասկանալ՝ որ հարթակում է հնարավոր հայ-ադրբեջանական հարցին իրական լուծում տալ, այնքան  ավելի լավ  մեր պետության համար»,-REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ Մոսկվայի ակտիվության ֆոնին Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի հարցը վերադառնա մոսկովյան հարթակ:

«Ադրբեջանը ոչ մեկին ոչ չի ասում`տպավորություն ստեղծելով, թե բոլորի հետ ունի լավ հարաբերություններ, մինչդեռ Երևանը,   նախապատվությունը տալով արևմտյան հարթակներին, խնդիր է առաջացնում մեզ համար»,-նշեց միջազգայնագետը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին, Բալասանյանն ընդգծեց՝ պետք է աշխատել  երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ. «Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը, թշնամանքը լավ տեղ չի տանում, չմոռանանք, որ Ռուսաստանում 3 մլն հայ համայնք ունենք, չմոռանանք, որ այսօր տնտեսական բոլոր լծակներով կապված ենք  Ռուսաստանին»:

Ինչ վերաբերում է Երևան-Բաքու խաղաղության պայմանագրից կոմունիկացիաների հարցը դուրս թողնելուն, Բալասանյանը համոզված է՝ Բաքուն համաձայնել է բացառապես ռուս-իրանական ճնշման արդյունքում:

«Շոյգուի այցից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը ժամանակավորապես դուրս է գալիս օրակարգից, նաև Պուտինի ու Ալիևի հայտարարության մեջ կետ կա, որտեղ ասվում է, որ Ադրբեջանը միանում է Հյուսիս-հարավ առևտրային միջանցքին: «Զանգեզուրի միջանցքի» արևմտյան տարբերակի հիմնական իմաստը Հյուսիս-հարավը կտրելն է, հիմա, եթե Ադրբեջանը միանում է, նշանակում է՝ տվել է համաձայնություն, որ «Զանգեզուրի միջանցքը» չի լինելու, հիմա մենք ինչի՞ն ենք սպասում, փոխանակ օգտվենք առիթից և ապաշրջափակում անենք, իսկ Ադրբեջանին կանգնեցնենք կայացած փաստի առաջ: Իսկ միգուցե «Զանգեզուրի միջանցքը» այն գինն է, որ Արևմուտքը պատրաստ է վճարել, միայն թե Իրանը չհարվածի Իսրայելին, մենք ինչո՞ւ չենք օգտվում այս հնարավորությունից»,-նշեց Բալասանյանը:

 

 

Նորություններ