Հրանտ Միքայելյան. Հաջորդ հնարավոր թիրախ է համարվում Սյունիքը, այդ մասին պարբերաբար գրում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում երեք դերակատարների մեջ Թուրքիան այժմ առաջատարն է, և ռազմական առճակատման ռիսկերը մեծ են, Թուրքիայի ագրեսիվությունը նույնպես արագ աճում է
«Սիրիայում իշխանափոխությունից հետո տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը միանշանակ փոխվել է։ Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքականությանը Հարավային Կովկասում, ապա այն չի փոխվել։ Անկարան, ամենայն հավանականությամբ, ունի գործողությունների ինչ-որ հաջորդականություն, փաթեթ և ինչ-որ գործողությունների տրամաբանություն։ Այս տրամաբանության շրջանակներում որոշում կայացվեց սիրիական հարցում։ Ըստ երեւույթին տարբեր սցենարներ կային, եւ այս տարբերակն առավելագույնն իրագործվեց»,-այս մասին REGIONSTV-ին տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Հիշեցնենք, որ Անկարայի աջակցությունը վայելող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը ԱՄՆ կողմից ճանաչված է որպես ահաբեկչական, Սիրիայում տապալեց Ասադի իշխանությունը։ Շատ վերլուծաբանների ներկայացմամբ՝ Թուրքիայի ազդեցությունն այսպիսով կմեծանա Մերձավոր Արևելքում։
Հնարավոր է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին օգտվի ստեղծված իրավիճակից և որոշակի քայլեր ձեռնարկի Հայաստանի դեմ։ Դա հաստատում են Թուրքիայի և Ադրբեջանի անվտանգության ուժերի շփումները, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հեռախոսազրույցները՝ քննարկելով տարածաշրջանային հարցերը։ Ըստ Միքայելյանի՝ հաջորդ հնարավոր թիրախ է համարվում հայկական Սյունիքը․« Այդ մասին պարբերաբար գրվում է թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցներում։ Հետեւաբար, նման ռիսկեր կան, եւ դրանք շատ լուրջ են»։
Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը գնահատելով՝ քաղաքագետը նշեց, որ Թուրքիան այժմ սկսում է ամեն ինչ դիտարկել որպես հաղթող Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունում․«Սրանք այն նույն երկրներն են, որոնք 3+3 հարթակի մասն են կազմում, որը դեռևս չի գործում, բայց շատ խաղացողներ ցանկություն ունեն այն աշխատեցնել։ Այս երեք երկրները նույնպես մաս են կազմել Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափում։ Ըստ այդմ, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի «եռանկյունում» Թուրքիան այժմ դարձել է առաջատար ուժը, գոնե այս պահին»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ակնհայտորեն կան որոշակի ռիսկեր, իսկ որքանո՞վ են լուրջ այդ ռիսկերը, Հրանտ Միքայելյանը նշեց՝ կան որոշակի խնդիրներ այն առումով, որ Հայաստանն ու Հայաստանի իշխանություններն ընդհանրապես լրջորեն չեն պատրաստվում այս սցենարին, պատրաստ չեն զբաղվել Ադրբեջանին զսպելու հարցով, զբաղվում են բոլորովին այլ հարցերով․«Եվ կարծես թե նրանք լրջորեն փորձում են խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ինչը լիովին անիրատեսական է։ Ըստ էության, կա տեսողական պատրանք, որտեղ Ադրբեջանը, որը նույնպես մասնակցում է բանակցություններին, չի պատրաստվում խաղաղության հասնել, իսկ Հայաստանը, ըստ ամենայնի, լրջորեն չի զբաղվում դրանով։ Բայց խաղաղության հասնելը լավ է, երբ ունես լուրջ փաստարկներ, իսկ հայկական կողմը չունի այդ լուրջ փաստարկները։ Ուստի ռազմական առճակատման ռիսկերը մեծ են և աճում են, իսկ Թուրքիայի ագրեսիվությունը նույնպես արագորեն աճում է։ Ինչ վերաբերում է Աքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե՝ «մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում», ապա նրանց խոսքերը բովանդակային տեսանկյունից՝ չարժե լուրջ գնահատել»։
Հիշեցնենք, որ երբ Թուրքիան խոսում է խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատանքներն ավարտելու մասին, Բաքուն պնդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտների մասին, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն է, որն, ըստ Բաքվի, պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Ըստ Միքայելյանի՝ Հայաստանի Սահմանադրության նկատմամբ պահանջները հին անպետք բան են. «Փաշինյանն արդեն հրաժարվեց հղում անել Անկախության հռչակագրինվ, բայց Թուրքիային ու Ադրբեջանին միայն պատճառ է պետք, հետո մեկ ուրիշը կհայտնեն, հետո՝ նորից մեկ ուրիշը։ Եվ եթե նույնիսկ պատկերացնենք, որ ինչ-որ թուղթ ստորագրվել է, ապա ընդհանրապես հիմք չկա լրջորեն խոսել երկարաժամկետ կայուն խաղաղություն կնքելու մասին»։
Ավելին, նշենք, որ Ադրբեջանը պահանջում է շուտափույթ դադարեցնել ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս առնչությմաբ էլ քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանն իսկապես փորձում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանից վտարել Եվրոպական առաքելությանը։ «Ադրբեջանը Փաշինյանի հետ բավականին հաջողությամբ դուրս մղեց ռուսական ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանից։ Ըստ էության, Ադրբեջանն ուզում է «ազատ արձակել» իր ձեռքերը, այլ բացատրություն չկա։ Խնդիրն այն է, որ հայկական կողմն արդեն սկսել է լրջորեն քննարկել դա, այսինքն՝ քնարկման թեմա է դարձել նաեւ եվրոպական առաքելության դուրսբերումը»,- ընդգծեց Միքայելյանը։
Բացի այդ, Ադրբեջանում ակտիվորեն քարոզվում է «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» տերմինները, և դրան ավելացել է ևս մեկը՝ «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան»։ Այս առնչությամբ Հրանտ Միքայելյանը նշեց՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանում վաղուց է շրջանառվում «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Օրինակ՝ 1998 թվականին լույս է տեսել մի հաստափոր գիրք՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմական աշխարհագրությունը»։ Գրքում Հայաստանի բացարձակապես բոլոր բնակավայրերը ներկայացված են որպես ադրբեջանական։ Ներկայացված է նրանց կեղծ պատմությունը, կեղծ տեղանունը, ամբողջությամբ կեղծված է Հայաստանի ողջ աշխարհագրությունն ու պատմությունը։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը զարգացնում է այս թեման, և վերջին 10 տարիների ընթացքում ակտիվորեն զարգանում է Երևանի խանության թեման»։
Ընդ որում, ինչպես ասաց քաղաքագետը, Հայաստանի կողմից սրան համարժեք արձագանք չի եղել։
«30 տարի առաջ այն չկար, 20 տարի առաջ չկար, բայց 10 տարի առաջ որոշ գործողություններ իրականացվեցին, այդ թվում՝ Խոջալուի թեմայով։ Փորձեր են եղել պատկերն ավելի ամբողջական ներկայացնելու։ Բայց այս պահին իրավիճակը շատ ողբալի է։ Նման նարատիվների պատրաստումը այլ նպատակ չի կարող ունենալ, քան հայկական պետականության ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը։ Սա է իրականությունը, որի հետ մենք գործ ունենք, ուստի պետք է շատ լուրջ վերաբերվել դրան»,-եզրափակեց Հրանտ Միքայելյանը:
Զաբելա Ավագյան