«Զինծառայությունից խուսափելու համար սողանցք կա, չեն դիմում բժշկական միջամտության, որ նորից տարկետում ստանան»․գործադիրը որոշեց՝ եթե զինակոչիկի առողջությունը չվթարանա, սահմանափակումով պիտանի կճանաչվի | Region

«Զինծառայությունից խուսափելու համար սողանցք կա, չեն դիմում բժշկական միջամտության, որ նորից տարկետում ստանան»․գործադիրը որոշեց՝ եթե զինակոչիկի առողջությունը չվթարանա, սահմանափակումով պիտանի կճանաչվի

Դեկտեմբեր 19,2024 13:46

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մեր բանակում ժամկետային զինծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի

Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ լրացումները և փոփոխություններ կատարելու մասին նախագծին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը ներկայացնելիս,  ասաց, որ նախագծով սահմանվում է՝ քաղաքացու պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրելու դեպքում քաղաքացին ճանաչվում է զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի։

«Խոսքն այն դեպքերին է վերաբերում, երբ զինակոչիկին որոշ հիմանդությունների նախանշանների պարագայում տրվում է մեկ տարով տարկետում, և ենթադրվում է, որ այդ ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը բարդանում է, որը կտանի ազատման, թե՝ ոչ։ Լինում են հիվանդություններ, որոնք բժշկական միջամտությամբ հնարավոր է չեզոքացնել։ Սակայն, փորձը ցույց է տալիս,  որ հանրության շրջանում չկա շահագրգվածություն բժշկական միջամտության միջոցով աողջությունը վերականգնել, սա բերում է նրան, որ մի տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա, հետո՝ ևս մեկ տարվա։ Սա սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար»,-ասաց Պապիկյանը։

Այս հանգամանքը հաշվի անելով, ՊՆ-ն նախաձեռնել է այս նախագիծը, որն, ինչպես նախարարն, ասաց՝ այսպիսով հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով զինծառայությունից խուսափելու համար։

Ըստ հիմնավորման՝ նախագծով հստակեցվում են այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում առաջին անգամ փորձաքննության ժամանակ բուժման նպատակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիները տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով, եթե չեն արձանագրվել ոչ պիտանիության կամ ժամանակավորապես ոչ պիտանիության համար սահմանված վիճակները, ինչպես նաև որոշակի հիվանդությամբ հակացուցումները կորոշվեն զորամասի բժշկի կողմից՝ կապված հիվանդության աստիճանից։ Արդյունքում, ինչպես նշված է հիմնավորման մեջ,  կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, ըստ անհրաժեշտության նրանց բուժումը կիրականացվի զինծառայողի կարգավիճակով, ինչպես նաև հակացուցված ծառայության պայմանները կորոշվեն ըստ հիվանդության արտահայտման աստիճանի։

«Վերջերս անվտանգության խորհրդի նիստում մենք հավանություն տվեցինք բանակի կերպափոխման հայեցակարգին։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Չնայած թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպե՞ս կարելի է ունենալ բանակի նկատմամբ, քան մենք ունենք։ Բայց սա այն դեպքն է, երբ խոսույթը իրականությունից, ցավոք սրտի, շատ դեպքերում կտրված է և տարբերակված է: Կարծում եմ, որ բանակի ընկալումը ընդհանուր առմամբ շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում տարածաշրջանային իրադրության, խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ»,-կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մենք հստակ ասել ենք՝ Հայաստանի Հանրապետության միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է, իհարկե, նաև հարակից որոշակի իրադրության մեկնաբանություններով։

Բանակի նկատմամբ համատարած և համընդհանուր դրական վերաբերմունքի պայմաններում, ինչպես ասաց Փաշինյանը, զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ ամենատարբեր առողջական խնդիրների պատճառաբանությամբ։

«Այստեղ կարող ենք երկու հնարավոր հետևության գալ՝ կամ մենք համատարած և համընդհանուր առողջական պրոբլեմներ ունենք մեր սերնդի, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավերն է, կամ ունենք համատարած օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահում: Իհարկե, ցավոք, չենք կարող ասել, որ առողջապահական իմաստով մենք խնդիր չունենք, որովհետև հարյուրավոր դպրոցներում ֆիզկուլտուրայով, համայնքներում սպորտով զբաղվելու, ակտիվ ապրելակերպով զբաղվելու ենթակառուցվածք չկա, նաև ընկալում չկա»,-ասաց Փաշինյանը։

Նրա մյուս հետևությունն այն է, որ երիտասարդները պատանի տարիքից համատարած ծխում են, ալկոհոլ են օգտագործում,  անառողջ կյանքով են ապրում։

Նա ասաց, որ այսօր բանակում բազմաթիվ ծառայությունների տեսակներ կան, որոնք ակնհայտորեն համատեղելի են բազմաթիվ սահմանափակումների հետ․«Էլ  չեմ ասում, որ երբ ասում ենք՝ բանակում ծառայություն, հասկանում ենք միայն ու միայն ինչ-որ խոշոր տրամաչափի զենքեր հրելիս կամ օգտագործելիս։ Բանակը շատ մեծ օրգանիզմ է և այնտեղ ամենատարաբնույթ, ընդհուպ գրասենյակային ծառայություններ կան։ Մենք պետք է այս վերաբերմունքը նույնպես վերանայենք և պարտադիր չի, որ որ բոլոր- բոլոր հիվանդությունները լինեն սահմանափակում բանակում ծառայելու համար: Կարող են լինել սահմանափակում բանակում ծառայության բնույթի համար, ելնելով այդ հիվանդությունից: Պետք է ուղիղ ասել՝ Հայաստանում բանակում ժամկետային զինծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի»։

Նորություններ