ՌԴ-ն կրկին խստացրել է միգրացիոն քաղաքականությունը․ՌԴ սահմանապահները կարող են իրենց հայեցողությամբ միգրանտի մուտքն արգելել, ոստիկանությունն էլ առանց դատարանի որոշման՝ կալանավորել | Region

ՌԴ-ն կրկին խստացրել է միգրացիոն քաղաքականությունը․ՌԴ սահմանապահները կարող են իրենց հայեցողությամբ միգրանտի մուտքն արգելել, ոստիկանությունն էլ առանց դատարանի որոշման՝ կալանավորել

Հունվար 16,2025 14:58

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Այս տարվանից ուժի մեջ մտած ՌԴ օրենքներն ազդելու են ՀՀ-ից ՌԴ մեկնող միգրանտների վրա․արտաքսելն ավելի դյուրին է դարձել, խնդիրներից խուսափելու համար մասնագետը մի քանի խորհուրդ է տալիս

2025 թվականից սկսած՝ Ռուսաստանը ևս մեկ անգամ խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը՝ էապես նվազեցնելով օտարերկրյա քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը և ներդնելով արտաքսման նոր միջոցներ։

ՆԳՆ տվյալներով՝ 2024-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՌԴ իշխանությունները ՀՀ քաղաքացիներին նկատմամբ 1100 որոշում են կայացրել, իսկ հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ 16337 ՀՀ քաղաքացու մուտքն արգելված է ՌԴ։

Տաթևիկ Բեժանյան

Այս տարվա հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել երկու օրենք, որոնք ազդելու են ՀՀ-ից ՌԴ միգրացիոն հոսքերի վրա։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Նրա խոսքով՝ նախ՝  ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք տարեկան յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող էին 90 օր գտնվել ՌԴ-ում, հիմա այդ ժամկետը կրճատվել է, նրանք այժմ ՌԴ-ում կարող են գտնվել տարվա ընթացքում գումարային 90 օր՝ եթե չեն պատրաստվում աշխատել, չունեն ժամանակավոր բնակության կամ կացության կարգավիճակ:

«Այս օրենքից կտուժեն մեր այն վարորդները, որոնք բեռնափոխադրումների ծառայություններում են աշխատում, և մեծամասամբ չունեն ժամանակավոր բնակության կամ կացության կարգավիճակ: Եթե այնպես ստացվի, որ օրինակ վարորդների աշխատաանքը ավելի երկար ժամանակ պահանջի, և 90 օրը լրանա, որ իրենք ՌԴ տարածքում են գտնվում, նրանք ուղղակի մուտքի արգելք կստանան, կստացվի, որ առնվազն երեք տարի այլևս չեն կարողանա մուտք գործել ՌԴ»,-ասաց Բեժանյանը:

Մյուս օրենքով ընդլայնվվել է սահմանապահների լիազորությունները: Բեժանյանի ներկայացմամբ՝ նրանք կարող են սեփական հայեցողությամբ, առանց մյուս գերատեսչությունների հետ քննարկելու, թույլ չտալ անձին մուտք գործել ՌԴ տարածք՝ ելնելով նրանից, որ անձը ըստ իրենց պոտենցիալ վտանգ է հանդիսանում ՌԴ անվտանգության համար:

Փետրվարի 5-ից ուժի մեջ կմտնի վտարման վերաբերյալ օրենքը: Ըստ օրենքի, ինչպես ներկայացրեց Բեժանյանը, ոստիկանությունը առանց դատարանի որոշման իրավունք կունենա 48 ժամով կալանավորել անօրինական միգրանտին, քրեական հանցագործության մեջ կասկածվող կամ վարակիչ հիվանդություն ունեցող միգրանտին։ Կասկածների հաստատման դեպքում, ոստիկանությունը նորից առանց դատարանի որոշման արդեն իրավունք կունենա վտարել միգրանտին:

Կներդրվի նաև օրենք, ըստ որի միգրանտների մոտ որևէ խախտում հայտնաբերելու դեպքում վերջիններս կհայտնվեն «անօրինական միգրանտների ռեեստրում», ինչը կզրկի նրանց ՌԴ-ում որևէ գործարք իրականացնելու հնարավորությունից:

Հրայր Հակոբյան

Քննարկման մյուս մասնակից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովության և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների  համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանն էլ հայտնեց, որ պետական մարմինները ՌԴ մեկնող քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են անում։ Նա նշեց, որ մինչև մեկնելը քաղաքացիները ՄՍԾ-ի տարածքային կենտրոններում ստանում են նախամեկնումային խորհրդատվություն: Մինչև խորհրդատվությունը, քաղաքացիները ծանոթանում են նաև տեղի թափուր աշխատատեղերին, առաջարկներ ստանալով աշխատել ՀՀ-ում:

2024-ի օգոստոսի դրությամբ ՌԴ-ում գտնվում է 246000 ՀՀ քաղաքացի, որոնցից 46-48000-ը անօրինական բնակվում են այնտեղ։ Նման թվեր ներկայացրեց Բեժանյանը, հիմնվելով ոչ պաշտոնական աղբյուրների՝ իրավապաշտպանների և հայ համայնքի ներկայացուցիչներից իրեն հասած տվյալների վրա: Ըստ օրենքի՝ մինչև ապրիլի 30-ը  իրենց գտնվելը չօրինականացնելու դեպքում տվյալ անձինք կտեղափոխվեն օտարերկրացիների ժամանակավոր պահման վայրեր, որից հետո կարտաքսվեն:

Ամենամեծ խնդիրը կապված է միգրացիոն հաշվառման հետ: Տիկին Բեժանյանը հորդորեց ՀՀ քաղաքացիներին նվազագույնը 30 օր ՌԴ-ում մնալու դեպքում անպայման միգրացիոն հաշվառում անցնել ժամանակավոր բնակության իրական հասցեում, հակառակ դեպքում սպառնում է ազատազրկում մինչև 1 տարի ժամկետում:

Ներկայացվեց նաև այն 4 հիմնական քայլերը, որոնք աշխատանքի նպատակով ՌԴ մեկնած քաղաքացին պարտավոր է իրականացնել 30-օրյա ժամկետում: Դրանք են՝ իրականացնել միգրացիոն հաշվառում, անցնել վճարովի բուժզզնում, տեղեկանքը ներկայացնել հաշվառման տարածքային միգրացիոն ծառայություն, այնտեղ անցնելով «կենսաչափական հաստատում», ստանալով պլաստիկ քարտը: Պարտադիր պայման է նաև աշխատանքային պայմանագրի կնքումը:

Փորձելով վեր հանել միգրացիոն օրենքների նման չափի խստացման պատճառները տիկին Բաբայանը որպես գործընթացի սկիզբ համարեց  դեռ 2015 թվականը, սակայն 2024-ից 2025-ը ընկած ժամանակահատվածի խստացումները իրենց բնույթով աննախադեպ են, ինչը ՌԴ կառավարությունը բացատրում է երկրում պատերազմական իրավիճակի առկայությամբ:

Ամփոփելով քննարկումը մասնակիցները անդրադարձան նաև խնդրի վերաբերյալ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին՝ ի՞նչ պետք է արվեր, և ի՞նչ է արվել։

Բեժանյանը նշեց՝ կառավարությունը ներկայում բացառապես իրազեկման աշխատանք է կատարում միգրանտների համար, ուրիշ ոչինչ․«Այս ամենը համեմատ հարևան երկրների հետ քիչ է»։ Նա  որպես օրինակ բերելով նույն հարևան երկրների փորձը, որոնք արդեն իսկ ունեն արտագնա աշխատանքային միգրացիայի գործակալություն, կամ աշխատանքային կցորդ, կարճ ասած՝ ներկայացուցիչներ, որոնք կոնկրետ զբաղվում են իրենց երկրների միգրանտների իրավունքների պաշտպանությամբ: Հնարավոր լուծման համար առաջարկվող ևս մեկ տարբերակ էլ Հայաստանում միգրանտների համար աշխատատեղերի ստեղծումն է, կամ միգրացիոն հոսքերը դեպի այլ երկրներ ուղղորդոելը, քանի որ խստացումներով պայմանավորված ՌԴ-ում աշխատելը գնալով ավելի անարդյունավետ է դառնում:

Արձագանքելով Բեժանյանին, Հակոբյանը նշեց, որ իրազեկելուց բացի, պետությունը միգրանտներին ատռաջարկում է կոնկրետ աշխատատեղեր, այլ հարց է, որ նրանք չեն համաձայնվում, սակայն հետագայում նույն աշխատանքը իրականացնում են  արդեն այլ երկրում:

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ