«Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված 2 կետերի վերաբերյալ ՀՀ-ն լուծում է առաջարկել, որոնցից մեկով առաջարկվում է 3-րդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չկիրառել

Նիկոլ Փաշինյանն «Խաղաղության պայմանագրի» մասին խոսելիս, նշեց, որ կա միջազգային ատյաններից իրավական վեճերը հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում եւ պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել
2024 թվականին սահմանազատման գործընթացը շատ առարկայացավ, մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, առաջիկայում կողմերը կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահման՝ ՀՀ-Ադրբեջան սահմանի սահմանազատման աշխատանքներին։
Անդրադառնալով «Խաղաղության պայմանագրին», Փաշինյանն ասաց՝ նոր ասելիք չկա, նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, երկու չհամաձայնեցված կետ կա, երկուսի մասով էլ ՀՀ-ն առաջարկել է լուծումներ։ «Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չկիրառելուն։ Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի սահմանազատված հատվածների նկատմամբ։ Նաեւ կա միջազգային ատյաններից իրավական վեճերը հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում եւ պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել։ Մենք պետք համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որեւէ բան հետ կանչում, այլեւ այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը։
Հաղորդակցության ուղիների բացման մասին էլ Փաշինյանն ասաց՝ հայկական կողմը Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ է արել․«Դա նույնիսկ առաջարկ չի, դա հարցի մի լուծում է, որը, մեր գնահատմամբ և ակնհայտորեն, հաշվի է առնում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները։ Առաջարկում ենք, որ արևմտյան Ադրբեջանից, այսինքն Ադրբեջանի արևմտյան շրջաններից, լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախջևանի Ինքնավար Հանրապետություն, և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով լինի հաղորդակցություն Երասխից Նախիջեւանի տարածքով Մեղրի եւ հակառակ ուղղությամբ, նաեւ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար և Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար։
Այդ առաջարկի կարևոր նրբություններից մեկն այն է, որ հաշվի առնելով նաև մթնոլորտը, հարաբերությունների լարվածությունը, այս փուլում որոշ ժամանակ մենք սկսենք բեռնափոխադրումները, հետո, երբ որ մթնոլորտը ավելի համապատասխան կլինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին»։
Փաշինյանն ասաց, որ այժմ սպասում են Ադրբեջանի դրական պատասխանին․«Եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումները իմանալով, այն որ բանակցությունների ընթացքում (արտահայտվել է, լավ չեմ պատկերացնում, թե ինչու իրենք պիտի դա մերժեն, որովհետև մենք լուծում ենք գտել, որ երկուսիս առաջադրած խնդիրներն էլ լուծում են։ Այս առաջարկը լիարժեք համապատասխանում է խաղաղության խաչմերուկ ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որը Ադրբեջանն է բարձրացնում բանակցությունների ընթացքում: Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով»։