Ընդամենը 1 սպանդանոցով ինչպե՞ս հազարավոր անասունների մորթ իրականացնել. անլուծելի խնդիր Շիրակի մարզում
Սպանդանոցային մորթի հերթական պարտադրանքից հետո Շիրակի մարզի մսավաճառներն ու անասնատերերը 2 անգամ արդեն բողոքով ներկայացել են մարզպետարան: Կառավարությունն այս անգամ ավելի է խստացրել պահանջները, և եթե վաճառակետերում հայտնաբերվի ոչ սպանդանոցային մորթի ենթարկված միս, ապա այն կառգրավվի, բացի դրանից առգրավման ամբողջ ծախսը վճարելու է տնտեսվարող սուբյեկտը: Սա մսավաճառների բողոքն էր հարուցել, իսկ անասնատերերի համար շարունակում է խնդիր մնալ մարզում սպանդանոցների բացակայությունը:
Շիրակի մարզում հիմա աշխատող ընդամենը 1 սպանդանոց կա. Հայկաձոր գյուղում է, որը չի հասցնում սպասարկել ամբողջ մարզի գյուղացիական տնտեսություններին: Այս սպանդանոցը մարզի անասնապահական շրջաններից՝ Աշոցքից ու Ամասիայից հեռու է մոտ 100 կմ: Սպանդանոցի մեքենան այդ հեռավորությամբ գյուղեր մորթի չի գնում, անասնատերերին առաջարկում է, որ կենդանուն իրենք բերեն սպանդանոց: Իսկ սա լուրջ խնդիր է Շիրակի մարզում, գյուղացին բավականին մեծ գումար, ընդհուպ մինչև 40.000 դրամ պետք է վճարի միայն մեքենային, որ անասունը սպանդանոց տեղափոխեն: Սա արդեն թանկացնում է մսի ինքնարժեքը, գյուղացուն շահույթ գրեթե չի մնում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի խոսքով, տեսչական մարմնին բիզնես հարաբերությունները չպետք է հետաքրքրեն:
«Գյուղացին կգնա սպանդանոցի մոտ, թե սպանդանոցը կգա գյուղացու մոտ, դա էական չէ, տեսչական մարմնի գործառույթը ոլորտը վերահսկելն է»,- ասում է նա:
Նրա խոսքով, Շիրակի մարզում ևս մեկ սպանդանոց է սկսել անասունների մորթ կատարել Ամասիա համայնքի Բանդիվան գյուղում, 1 անհատ էլ սպանդանոց կառուցելու հայտ է ներկայացրել Ամասիայի Արեգնադեմ բնակավայրում: Անի համայնքի Ձորակապ բնակավայրի սպանդանոցն էլ, ըստ Անուշ Հարությունյանի, չի աշխատում, քանի որ մորթ չի իրականացվում:
«Ոչ սպանդանոցային մորթ թույլատրվում է միայն այն դեպքում, եթե անասնատերն իր համար է մորթում կամ ծիսական նպատակներով է մորթը: Իսկ եթե մորթում է անասունը, որ գյուղում կամ մեկ այլ տեղ վաճառք կազմակերպի, ապա չի թույլատրվում»,-ասում է Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքով, սպանդանոցները պետք է այնպես աշխատեն, որ կարողանան հասցնել հնարավորինս մեծ գլխաքանակ մորթի ենթարկել: Օրինակ է բերում, հանրապետությունում սպանդանոցներ կան, որոնք այլ մարզերից, մոտ 200 կմ հեռավորությունից են գնում անասուններ բերում, մորթ կատարում: Շիրակի մարզի անասնատերերին էլ առաջարկում է այլ մարզերի սպանդանոցների հետ համագործակցել:
Իսկ ինչ վերաբերում է սպանդանոցի անասնաբույժի տված 05 ձևի տեղեկանքների վաճառքին /իսկ նման դեպքեր բացահայտվել են/, ապա ըստ Անուշ Հարությունյանի, հիմա հնարավոր չէ 5-րդ ձևի տեղեկանքները վաճառել, քանի որ արդեն 2 ամիս գործում է նոր կարգ, որի համաձայն սպանդանոցային ամեն մորթի առաջին 3 վայրկյանը տեսագրվում է և մորթվող անասունը նույնականացվում է: Իսկ եթե այս տեսագրությունը չկա, ապա մորթը ոչ սպանդանոցային է ու դրա համար եթե 5-րդ ձևի տեղեկանք է տրվում, ապա դա ապօրինի է:
Հանրապետությունում հիմա 4 շարժական սպանդանոց կա, որոնց ծառայությունները բավականին թանկ են: Շիրակի մարզը շարժական սպանդանոց չունի:
Նշենք, որ, ի սկզբանե, մոտ 20 տարի առաջ, երբ առաջին անգամ խոսվեց սպանդանոց ունենալու մասին, ամենատարբեր հաշվարկների համաձայն, նախատեսված էր ամենաքիչը 8 սպանդանոց ունենալ Շիրակի մարզում, բայց ընդամենը 1 սպանդանոց կա, որը լուրջ խնդիրներ է ստեղծում գյուղացու համար:
Կարինե Կազարովա