«Այգեպարի, Մովսեսի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, գիշերը խաղաղ է անցել նաև Գեղարքունիքի Վարդենիս համայնքում» | Region

«Այգեպարի, Մովսեսի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, գիշերը խաղաղ է անցել նաև Գեղարքունիքի Վարդենիս համայնքում»

Ապրիլ 09,2025 16:43

Սյունիքի մարզի սահմանային գյուղերում ադրբեջանական զինված ուժերի կողմից հիմնականում գիշերային կրակոցներին հաջորդել են նաև այլ սահմանային հատվածներում կրակոցները։

Խնածախի հատվածում վերջին օրերին ադրբեջանական կրակոցները նվազել են։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Խնածախում, ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության, ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել է բնակելի տներից մեկի պատուհանը և պատը։

Ադրբեջանական զինուժն օրերս նաև Գեղարքունիքի և Տավուշի սահմանային հատվածներում է կրակել։ Մամուլը հղում անելով տեղ բնակիչներին և համայնքապետերին, գրել էր, որ ադրբեջանցիները, թեև օդ են կրակում, բայց ձայները մոտակա գյուղերում էլ են լսվում։

REGIONSTV-ի հետ զրույցում Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանն ասաց՝ արդեն 3 oր է՝ նորմալ է, ոչ մի կրակոց չի եղել․«Բնակիչների շրջանում որևէ անհանգստություն չկա»։

Տավուշի մարզի Ադրբեջանի սահմանակից մեկ այլ գյուղի՝ Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ հանգիստ է, ոչ մի կրակոց էլ չի եղել․«Հանգիստ է, ոչ մի բանն չկա»։

Վարդենիս համայնքի ղեկավարն օրերս լրատվամիջոցններին ասել էր՝ կրակոցներ են լսվում, գիշերն են կրակում, բայց ոչ բնակավայրերի ուղղությամբ։

Մեզ հետ զրույցում Վարդենիս խոշորացված համայնքի բննակիչներից մեկը վստահեցրեց՝ այս գիշեր կրակոցներ չեն հնչել, խաղաղ է եղել։

REGIONSTV-ն պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանից մեկնաբանություն խնդրեց սահմանային լարվածության մասին, մասնավորապես հետաքրքրվեցինք՝ ի՞նչ իրավիճակ է հիմա սահմանամերձ համայնքներում, արդյոք այս գիշեր էլ կրակոցներ եղել են։ Թորոսյանն ընդամենն ասաց. «Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, և ՊՆ-ը թիրախային, նպատակային կամ այլ կերպ ասած հրադադարի էական խախտումների պարագայում հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։

Թե ի՞նչ պատճառով են լինում պարբերաբար կրակոցները, Արամ Թորոսյանը նշեց, որ չի կարող կոնկրետ որևէ պատճառ ասել:

Մեր հարցերին՝ որքանո՞վ է վտանգված խաղաղ բնակչության բնականոն կյանքը,  ինչպե՞ս է ՊՆ-ն արձագանքում սահմանային լարվածությանը, Արամ Թորոսյանը չպատասխանեց, ասաց՝ ՊՆ պաշտոնական հայտարարությունից զատ, այլ տեղեկություն չի կարող տրամադրել։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ