«Արցախցիների հանդեպ քարոզվող ատելությունը կարող է շատ ավելի հեռուն տանել, ընդհուպ՝ եղբայրասպանության»․Տաթևիկ Խաչատրյան

«Արդեն տևական ժամանակ է՝ ինչ ատելության խոսքի, առերևույթ թշնամանքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր են եղել, բազմաթիվ հանցագործությունների մասին հաղորդումներ են տրվել, բայց դատախազությունը մինչ այս պահը ոչ մի հստակ գործողություն չի արել, չի դատապարտել, առավելևս օրենքի սահմաններում չի պատժել ատելության խոսք տարածողներին։ Հակառակը, իր անգործությամբ այնպես է արել, որ այս ալիքն ավելի մեծանա, ավելի ահագնանա այն չափի, որ մենք այսօր ստիպված ենք խոսել հայաստանյան և արցախյան հանրության միջև անհասկացվածության մասին»,-այս մասին այսօր արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի՝ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց խորհրդի անդամ Տաթևիկ Խաչատրյանը։
«Կա շատ մեծ վախ, որ արցախցիների հանդեպ քարոզվող ատելությունը կարող է շատ ավելի հեռուն տանել, ընդհուպ եղբայրասպանության, ինչը խայտառակ վիճակ է, որին չպետք է հասնել»,–ասաց Խաչատրյանը։
Նա ասաց, որ երբ խոսում են իրենց խնդիրների մասին, ՀՀ իշխանությունները պատասխանում են՝ գնացեք ձեր թալանչիներից պահանջեք․«Մեկ տարի առաջ Արցախի նախագահը հաղորդում էր տվել հանցագործության մասին, որպեսզի քննվի այդ թալանը, գտնվեն թալանչիները և պատժվեն։
Ցույցի մասնակից Սաիդա Պողոսյանն էլ ասաց՝ եթե մի արցախցի որևէ վատ արարք է անում, դա «պրոեկտվում է» բոլոր արցախցիների վրա, ինչը ցույց է տալիս, որ իշխանության ներկայացուցիչները հենց իրենք են ատելության խոսք տարածում։
Դատախազության շենքի մոտից արցախցիները ցույցը շարունակեցին ԱԳՆ շենքի մոտ։ ԱԳՆ շենքի մոտ նրանք այրեցին ՀՀ կառավարության ծրագիրը։
Հիշեցնենք, այսօրվա բողոքի ցույցի ժամանակ խորհուրդը 11 կետանոց պահանջիր ներկայացրեց ՀՀ ԱԳՆ-ին։ Նրանց հիմնական պահանջն է՝ կոնկրետ քայլեր իրականացնել արցախցիների հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, Միջազգային քրեական դատարան պետական դիմումի ներկայացման, միջազգային դատարաններից հայցերից չհրաժարվելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Նրանք իրենց գրավոր պահանջները փոխանցել են կառավարությանը։
Սյուզաննա Խառատյան