Հատվածներ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ուղղված ուղերձներից․(Լրացվում է)

Այսօր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ 110 տարի առաջ Օսմանյան կայսրության ողջ տարածքում երիտթուրքերի կառավարությունը իրագործեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնացին 1,5 միլիոն հայեր։
Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է։ Այսօր վաղ առավոտից հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձներ են հղել և հղում են ՀՀ և օտարերկրյա պաշտոնյաները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան․Զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը․․․։
«․․․Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ, Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ ընտանեկան, անձնական ողբերգություն է։
Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկդարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձեւակերպված եղել որպես այդպիսին։
Այս օրակարգի շուրջ Կառավարության եւ անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։
Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը․․․»,-ասված է Փաշինյանի ուղերձում, որի ամբողջական տեսքտն՝ այստեղ։
ՀՀ ԱԳՆ․ Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային․․․։
«․․․Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը:
․․․ Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունն, այլև ատելության, ռասայական և էթնիկ անհանդուրժողականության հիմքով նոր զանգվածային հանցագործությունների շարունակում ենք ականատես լինել նաև 21-րդ դարում:
․․․ Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր»,-ասված է ԱԳՆ ուղերձում, որի ամբողջական տեքստն՝ այստեղ:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան․Թուրքիայի պետական քաղաքականությունն առ այսօր հիմնված է ժխտողականության, պատմական փաստերի աղավաղման և ճշմարտության դեմ քարոզչության վրա․․․։
«․․․ճշմարտության հետ խիզախորեն առերեսումը, արդարության պաշտպանությունը միայն կարող է Թուրքիային դիրքավորել որպես համամարդկային արժեքներին հաղորդակից՝ քաղաքակիրթ և պատասխանատու պետություն, որը պատրաստ է հաղթահարելու իր պատմության մութ էջերը՝ հանուն խաղաղության, հաշտեցման և կայունության։ Այդպիսով կփակվի մի դաժան էջ՝ ոչ թե մոռացության, այլ արդարության միջոցով։
․․․Հայաստանի կառավարիչները պետք է չմոռանան, որ 110 տարի առաջ այս օրերին ընդհատված միլիոնից ավելի կյանքերը երբեք չեն կարող դառնալ սակարկման առարկա, և ցեղասպանության աներկբա իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»։ Հակառակ մոտեցումը չի կարող որակվել այլ կերպ, քան քաղաքական բարոյազրկում և ազգուրացություն: Սեփական աթոռապաշտությունը վեր չէ համահայկական կամքից ու պատվախնդրությունից: Ազգային շահերն ուրացող և պետության գոյությունը վտանգի տակ դրած իշխանությունները պետք է հեռացվեն, քանզի պետականության կորստի ամենակարճ ճանապարհն անցնում է սեփական իրավունքներից ու արժանապատվությունից, արդարության համար պայքարից հրաժարվելու և պատմական հիշողությունը ջնջելու միջով»,-ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։ Մանրամասն՝ այստեղ։
ԱԳ նախագահ Ալեն Սիմոնյան․Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր.․․։
«․․․Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով: Մեր հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան` հիմնված անցյալի դասերի վրա եւ միտված դեպի կայուն ապագան:
Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. այն պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում:
․Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջեւ եւ նորովի պարտավորվում պաշտպանել մեր պետականությունը, արժեւորել խաղաղությունը եւ արժանավայել ապագա ապահովել մեր սերունդների համար»,-ասված է Ալեն Սիմոնյանի ուղերձում: Մանրմասն՝ այստեղ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան․Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը։
«․․․Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին։ Ցանկացած պետություն կենսունակ է խաղաղության ու փոխըմբռնման միջավայրում, որոնք, անշուշտ, չեն ջնջի վիշտը, բայց կկանխեն նոր ողբերգությունները՝ ի հիշատակ նահատակաց ու հանուն ապրողների երջանիկ ապագայի»,-ասված է Տիգրան Ավինյանի ուղերձում։
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Տելեգրամում գրել է․ «Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»։
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորն․ Իմ հայ բարեկամներ, մաղթում եմ բոլորիդ արժանապատիվ հիշատակի օր։
«․․․Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի 110-րդ տարելիցի օրն է։ Շվեդիայի խորհրդարանը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին դեռևս 2010 թվականին, և Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատան հետ միասին այժմ ամեն տարի անցկացնում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն։ Այս տարի արարողությանը կայցելի «Հայաստանի երազանքը, հայերը և շվեդները հազար տարիների ընթացքում» գրքի հեղինակ տիկին Անն Գրյոնհամարը:
․․․Այս շաբաթ Ստոկհոլմում անցկացվում է հայ-շվեդական բիզնես սեմինար, որտեղ մենք կքննարկենք շվեդական ներդրումները Հայաստանում և առևտուրը մեր երկու երկրների միջև: Վստահ եմ, որ դա ձեռնտու կլինի երկու երկրներին և մեզ կդարձնի ավելի հարուստ և ուժեղ։ Նաև հուսով եմ, որ դա կօգնի նաև ավելի ամուր կապեր կառուցել Հայաստանի և Շվեդիայի, ինչպես նաև մնացած Եվրոպայի միջև:
Իմ հայ բարեկամներ, քրիստոնյա եղբայրներ և քույրեր, մաղթում եմ բոլորիդ արժանապատիվ հիշատակի օր ձեր ընտանիքների և սիրելիների հետ միասին: Հիշե՛ք անցյալը և նայեք դեպի պայծառ ապագա: Աստված օրհնի»,-իր տեսաուղերձում նշել է Էրիկ Հելսբորնը։
Չեխիայի դեսպանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ 8 տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-գրել է դեսպանը։
110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի X-ի միկրոբլոգում:
«Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- գրել է նա։
Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«Հարյուր տասը տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր։
Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն։
Հիշողություն, որը չի կարող և չպետք է լինի մոռացված կամ անտեսված, այլ` հիշված և փոխանցված մեր երեխաներին»,- գրել է Մատտեո Սալվինին:
Այսօր՝ 110-րդ տարելիցին, մենք հարգում ենք 1915-1923 թթ. հայ զոհերի հիշատակը՝ X-ի միկրոբլոգում գրել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:
«Այս ողբերգությունը հիշեցնում է բոլորին անմեղ մարդկանց նման տառապանքներ պատճառելու՝ չարդարացված լինելու մասին։ Մենք այն երբեք չպետք է մոռանանք»,- նշել է դիվանագետը: