Մխչյանի դպրոցի 2 աշակերտները, որոնց ստիպողաբար թմրանյութ էին տվել, երկուշաբթի օրն արդեն դպրոց կհաճախեն | Region

Մխչյանի դպրոցի 2 աշակերտները, որոնց ստիպողաբար թմրանյութ էին տվել, երկուշաբթի օրն արդեն դպրոց կհաճախեն

Մայիս 16,2025 18:35

Արարատի մարզի Մխչյան գյուղի Ք․ Ալավերդյանի անվան դպրոցի 4-րդ դասարանի երկու աշակերտները, որոնց ստիպողաբար թմրանյութ էին տվել, երկուշաբթի օրը կհաճախեն դպրոց։ Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն  Մանուկյանը։

«Ծնողների հետ կա պամանավորվածություն, պետք է հաճախեն դպրոց»,-ասաց պարոն Մանուկանը։

Այսինքն կարե՞լի է ենթադրել, որ թմրանյութ «օգտագործած» երեխաների առողջական վիճակը լավ է, ծնողները վստահեցրել են, որ նրանք ի վիճակի են հաճախել դպրոց, և արդյոք երեխաները կարիք ունեին վերականգնողական բուժման, մեր այս հարցերին ի պատասխան պարոն Մանուկյանն ասաց․«Այս պարագայում մենք պետք է վստահեցնենք ծնողներին, որ պետք է դպրոցում ստեղծենք նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի երեխաները նորմալ հաճախեն դպրոց»։

Պարոն Մանուկյանը փոխանցեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հաղորդել։

Հիշեցնենք, օրերս Մխչյանի դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Այս դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ):

4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով:

2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում։

 

 

 

 

Նորություններ