Արմեն Պետրոսյան. Իրանը փորձում է լուծել խնդիրը իր դիրքորոշմանը համապատասխան, որպեսզի Նախիջևանի և Ադրբեջանի միջև հիմնական կապը մնա Իրանի տարածքով | Region

Արմեն Պետրոսյան. Իրանը փորձում է լուծել խնդիրը իր դիրքորոշմանը համապատասխան, որպեսզի Նախիջևանի և Ադրբեջանի միջև հիմնական կապը մնա Իրանի տարածքով

Հունիս 02,2025 21:25

Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս Լաչինից վերադառնալու ճանապարհին  անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին։ Նա օդանավում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի համար «Զանգեզուրի անցուղին» միայն Նախիջևանի հետ ցամաքային կապ չէ։ «Սա նաև ինտեգրացիոն ուղի է, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով: Այս միջանցքի բացումը շատ կարճ ժամանակահատվածում  նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։   Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ և միջանցք կապահովի տնտեսական շահույթ և ժամանակի ընթացքում կմերձեցնի երկրներին»,-ասել է  Էրդողանը։

Հետաքրքիր է, որ Էրդողանը Սյունիքով անցնող ճանապարհը անվանել է «Զանգեզուրի անցուղի», այլ ոչ թե միջանցք, ինչպես ներկայացրել են թուրքական լրատվամիջոցները։

«Էրդողանի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ այս պահին մեր տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենակարևոր չլուծված խնդիրը ճանապարհների ապաշրջափակման, կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։ Այս համատեքստում, բնականաբար, քանի դեռ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը թույլ է տալիս, Ադրբեջանը փորձում է մնալ իր մաքսիմալիստական ​​​​դիրքերում և միջանցք ստանալ Հայաստանի Հանրապետությունից։ Ինչպես տեսնում ենք, կրկին փորձ արվեց այս հարցում ստանալ Թուրքիայի աջակցությունը, որի նախագահը գտնվում էր Ադրբեջանում»։ Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային քաղաքականության վերլուծաբան, արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը։ Պետրոսյանի խոսքով՝ Էրդողանի հայտարարությունը ընդգծում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ռազմավարական նշանակությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար։ «Զանգեզուրի միջանցքը» համարվում է թյուրքական պետությունների միջև կապերի ամրապնդման հիմնական տարր։

Արմեն Պետրոսյանը նշեց, որ Բաքուն և Անկարան ձգտում են օգտագործել ներկայիս աշխարհաքաղաքական անորոշությունը տարածաշրջանում իրենց ռազմավարական նպատակներին հասնելու համար։ «Անկասկած, բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացն էր։ Քանի որ Թուրքիան նույնպես շատ շահագրգռված է, որ Ադրբեջանն ու Հայաստանը արագ լուծեն իրենց խնդիրը, ինչը, իր հերթին, կհանգեցնի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, և սա շատ կարևոր է Թուրքիայի համար, որպեսզի նա կարողանա օգտվել այս աշխարհաքաղաքական պատուհանից և ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում»։

Ինչ վերաբերում է Իրանին ուղղված Էրդողանի ուղերձին, ապա Արմեն Պետրոսյանը նշեց՝  Իրանը հիմնական խաղացող է, որը փորձում է կանխել ապաշրջափակումը ոչ թե միջազգային տրամաբանությամբ, այլ իր դիրքորոշմամբ, նա օգնում է Հայաստանին չշտապել մեծ զիջումների գնալ Ադրբեջանին և չառաջարկել իրավական լուծումներ, որոնք Ադրբեջանն է ցանկանում՝ Թուրքիայի աջակցությամբ։

«Բնականաբար, 2020 թվականից հետո, երբ սկսեցին շրջանառվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին տեղեկությունները, Իրանը սկզբունքային դիրքորոշում ընդունեց՝ թույլ չտալով Ադրբեջանին ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև, որը, ըստ Ադրբեջանի տրամաբանության, պետք է իրականացվեր Հայաստանի տարածքով։ Իրականում, Հայաստանի տարածքի ապաշրջափակումը ոչ մի կերպ չի կարող հիմնված լինել Իրանի շահերի վրա, նույնիսկ եթե այդ ապաշրջափակումը տեղի ունենա Հայաստանի առաջարկած սկզբունքներով»,-նկատեց Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝  Իրանը հետապնդում է առնվազն երկու նպատակ․նախ՝ Իրանը օգտվեց հայ-ադրբեջանական հակամարտությունից՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ, որպեսզի ապահովի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապը, որը Ադրբեջանի վրա ազդեցության ռազմավարական լծակ է։ Մյուս կողմից, ըստ Պետրոսյանի, այս հարաբերությունների չկարգավորված բնույթը նպաստում է նրան, որ Իրանի պատմական մրցակից համարվող Թուրքիան խոչընդոտների է հանդիպում իր նախագծի շրջանակներում ուղիղ հաղորդակցության հարցում․«Նույնիսկ հիմա, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում, Իրանը փորձում է լուծել խնդիրը իր դիրքորոշմանը համապատասխան, որպեսզի Նախիջևանի և Ադրբեջանի միջև հիմնական կապը մնա Իրանի միջով։ Այդ պատճառով նրանք նախաձեռնեցին Արաքսի միջանցքը, որը համեմատաբար նոր երթուղի է և կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ շրջանցելով Հայաստանը»։

Այս պահին, ըստ Պետրոսյանի, մինչ աշխարհը և տարածաշրջանը գտնվում են անորոշ վիճակում, Ադրբեջանը չի գնա զիջումների և կփորձի բոլոր հնարավոր միջոցներով, լինի դա ուժի կամ սպառնալիքի, թե խաղաղության համաձայնագրի միջոցով, շարունակել ճնշում գործադրել Հայաստանի վրա միջանցքի նախագծի իրականացման հարցում։ «Ադրբեջանը կզիջի, երբ հասկանա, որ այլևս հնարավոր չէ ստանալ ցանկալի տարբերակը, և ստիպված կլինի ընդունել այն, ինչ կա բանակցությունների սեղանին։ Այս պահին Ադրբեջանը փորձում է օգտագործել համաշխարհային իրադարձությունները և մեծացնել ճնշումը Հայաստանի վրա»,-նշեց տարածաշրջանային քաղաքականության փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Զաբելա Ավագյան

Նորություններ