Իրանա-իսրայելական հակամարտության 11-րդ օրն է․ Թեհրանը խոստանում է հակահարված տալ ԱՄՆ-ի հարվածներից հետո, իսկ Թրամփը խոսում է Իրանում իշխանափոխության մասին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Քալիբաֆը հայտարարել է, որ Իրանի խորհրդարանը քննարկում է ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծ ընդունելու հնարավորությունը, քանի դեռ Թեհրանին չեն տրամադրվում ՄԱԿ-ի միջուկային գործակալության պրոֆեսիոնալ վարքագծի իրական երաշխիքներ
Նշելով Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից միջուկային զենքի արգելքի մասին արձակված կրոնական հրամանագիրը՝ խորհրդարանի խոսնակն ասել է. «Իրանը ոչ խաղաղ գործունեության ծրագրեր չունի, սակայն աշխարհը հստակ տեսավ, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) չի կատարել իր պարտավորություններից որևէ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի»։
Խորհրդարանի խոսնակն ասել է. «Չնայած մենք այս (ամերիկյան) հարձակումը համարում ենք Իսրայելի ռեժիմի ռազմավարական ձախողման արդյունք՝ իր նպատակներին հասնելու համար, մենք այն չենք հանդուրժի: Մենք անպայման կտանք այնպիսի պատասխան, որը խաղամոլ Թրամփին կստիպի զղջալ մեր սիրելի երկրի դեմ ագրեսիայի համար»:
Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ Իրանը չի դադարեցնելու միջուկային ծրագիրն ու ուրանի հարստացումը։
Իրանա-իսրայելական պատերազմի 11-րդ օրն է։
Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի Քերմանշահ նահանգի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին:
Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված վերջին հարվածի ժամանակ, երկուշաբթի օրը թիրախավորված շենքերում սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարյուրավոր անդամներ, The Jerusalem Post-ին հայտնել է իսրայելցի պաշտոնյան։
Հարվածների ընթացքում Իսրայելը թիրախավորել է Թեհրանի տարբեր վայրեր, այդ թվում՝ Բասիջ» իսլամական աշխարհազորի, Հեղափոխության պահապանների կորպուսի ներքին անվտանգության ծառայության կենտրոնակայանները, և Էվին բանտը, որտեղ պահվում են քաղբանտարկայլներ,հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Այսօր առավոտյան Իրանից արձակված բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով Իրանում վնասվել են ռազմավարական մի շարք ենթակառուցվածքներ։ Իսրայելական լրատվամիջոցները հղում անելով Իսրայելի էլեկտրական բաշխիչ ցանցերի ներկայացուցիչներին, պնդում են, որ իրանական հարվածների հետևանքով հոսանքազրկվել է Իսրայելի հարավային շրջանների մի մասը։
Այս հակամարտությանը ԱՄՆ «խառնվելուց» հետո, երբ ԱՄՆ-ն խոցել է իրանական միջուկային օբյեկտները, Իրանը խոստանում է վրեժ լուծել։ Իրանի իշխանությունները սպառնում են փակել Հորմուզի նեղուցը: Իրանի խորհրդարանը հաստատել է համաշխարհային առևտրային կարևորագույն երթուղին փակելու միջոցառումը, որով ամեն օր անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մեկ հինգերորդից ավելին՝ 20 միլիոն բարել և հեղուկացված գազի մեծ մասը։
«Իրանն անցյալում սպառնացել է փակել նեղուցը, ինչը կսահմանափակի առևտուրը և կազդի նավթի համաշխարհային գների վրա, բայց երբեք չի իրականացրել այդ սպառնալիքը»,-գրում է Тhe Guardian-ը։
Նեղուցի փակումն, ըստ լրատվամիջոցի, «առավելություն» ունի նրանով, որ այն Թրամփի վրա ուղղակի ծախսեր պարտադրելու միջոց է, քանի որ դա կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի՝ գրեթե անմիջապես գնաճային ազդեցությամբ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում։ Սակայն դա նաև կլինի դրամատիկ տնտեսական ինքնավնասման ակտ։ Իրանական նավթը օգտագործում է նույն դարպասը, և Հորմուզի փակումը վտանգում է Պարսից ծոցի արաբական պետություններին, որոնք խիստ քննադատել են Իսրայելի հարձակումը։
Բացի նեղուցը փակելու իրանական այս մտադրությունից, Իրանը կարծես մեկ այլ հակահարված է պատրաստում։ The New York Times-ը գրում է, որ «Ամերիկացի զինվորականներն ու հետախուզությունը բացահայտել է, որ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները պատրաստվում են հարձակվել Իրաքում և, հնարավոր է, Սիրիայում ԱՄՆ-ի բազաների վրա՝ կապված իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետ: Առայժմ այդ խմբավորումները զսպվում են, իսկ Իրաքի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը՝ նրանց հետ պահելու ամերիկյան ռազմակայանների դեմ գործողություններից: Այս մասին լրատվամիջոցին ասել է ամերիկյան պաշտոնյա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ դեմ չէ, եթե Իրանում իշխանափոխություն լինի։
«Քաղաքականապես կոռեկտ չէ օգտագործել «ռեժիմի փոփոխություն» տերմինը, բայց եթե ներկայիս իրանական ռեժիմը անկարող է Իրանը կրկին մեծ դարձնել, ապա ինչո՞ւ ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենում»,- Truth-ում գրել է ԱՄՆ նախագահը։