«Էժանագին աղմուկ է», «Մկրտիչ Արզումանյանը նորմալ պատասխան տվեց», «Նրան «արջի ծառայություն» են մատուցում»․կարծիքներ՝ «Ցանկապատ» ներկայացման շուրջ բարձրացած քննադատությունների մասին

Սեպտեմբերի 14-ին Բյուրականի ՀանդArt մշակութային կենտրոնում «Ցանկապատ» ներկայացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ու ներկայացման մասին նրա դիտարկումները հանրության շրջանում քննադատության առիթ դարձան։
Ներկայացման ավարտից հետո Փաշինյանը հետաքրքրվել է, թե որն է դրա ուղերձը, ինչին ի պատասխան դերասան Տիգրան Գյուլումյանը պատասխանել է․ «Ներկայացման մեջ մի տող կա, երբ որ գյուղապետը հնչեցրեց, երբ որ խոսում էինք հայրենիքի, հողի, պետության արժեքի համար, հողը պատկանում է նրան ով գիտի դրա արժեքը։ Ես ուզում եմ, որ մենք յուրաքանչյուրս նախ և առաջ հայրենասիրությունից, պետությունից, երկրից խոսալուց առաջ իրականում արժեքավորենք դրան, տեր լինենք»։
Փաշինյանն էլ արձագանքելով, ասել է․ «Ամբողջ պրոբլեմը դա է, որ մեկ Հայաստան սարքելու համար պետք է ոչ թե ցանկապատները քանդի, այլ ցանկապատ դնի, որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան, որովհետև երբ դու ցանկապատը քանդում ես, և ասում ես՝ գիտես որ այն կողմը Հայաստան է, այն կողմն էլ է Հայաստան, այն կողմն էլ, այդ ցանկապատը, ուշադիր եղեք, ոչ միայն մեզ է պահում, ոչ միայն մեզ է սահմանափակում, այլ՝ ուրիշներին։ Այսօրվա մեր կյանքը, մեր քաղաքականությունը, մեր ռազմավարությունը տալիս է ներկայացման հարցի պատասխանը։ Պետք չէ ցանկապատը քաշքշել։ Պետք է ֆիքսել։ Դրա համար կա պետություն, կա կադաստր, կա ժառանգության իրավունք և այլն։ Իսկ Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ և ոչ թե քանդել։ Երբ որ մենք ցանկապատը քանդում ենք, մեր Հայաստանը ոտի տակ է հայտնվում․․․»։
Դերասան Մկրտիչ Արզումանյանն էլ հավելել է․«Ամենամեծ ուղերձը ներկայացման դա էր, պարոն վարչապետ։ Այսինքն նրանք այդ մետրի համար վիճում են, բայց գլոբալ հարցեր կան, որոնք անտեսում ենք, մնում են առանց ոչ մի բանի»։
Վարչապետի դիտարկումները շատերի մոտ ընկալվեցին որպես ներկայացումը ներկա քաղաքական համատեքստում վերաշարադրելու փորձ։ Մկրտիչ Արզումանյանին էլ մեղադրեցին, թե նա չի հակադարձել Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին․ ավելին, փորձել է արդարանալ վարչապետի մոտ։
«Ամենակարևորն այն է, որ նիկոլյան իշխանությունն արդեն անցնում է մեկ այլ վտանգավոր սահման․ սկսում է խմբագրել ոչ միայն քաղաքական իրականությունը, այլև գեղարվեստական բեմադրությունները։ Երբ արվեստագետը ստիպված է իր ստեղծագործությունը համապատասխանեցնել իշխանական ճաշակին կամ քաղաքական պահանջին, դա արդեն ազատության ոչ թե սահմանափակում, այլ՝ բռնազավթում է»,-նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Հովհաննես Հովհաննիսյան
«Գյումրու դրամատիկական թատրոնի» դերասան, ՀՀ վատակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը RegionsTV-ի հետ զրույցում անդրադառնալով դերասանների ու Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցին ու քննադատություններին, ասաց․«Իմ գնահատմամբ՝ որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, ու բարձրացված աղմուկը ավելորդ է։ Այդ իրավիճակում Մկրտիչ Արզումանյանը իրեն շատ նորմալ պահեց, շատ նորմալ պատասխան տվեց։ Այդ տղային զրպարտելն ավելորդ է։ Եթե փորձեմ որակում տալ, ուրեմն՝ այդ աղմուկը էժանագին աղմուկ է»։
Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ դերասաններին չպետք է ներգրավվել քաղաքական հարցերում․«Դերասանի տեղը բեմն է, նա իր ասելիքը բեմում ասում է»։
Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը ևս հորդորում է արվեստագետներին չդարձնել քաղաքական առօրյայի մաս։

Արթուր Գևորգյան
RegionsTV-ի հետ զրույցում պարոն Արթուր Գևորգյանն ասաց․«Մկրտիչ Արզումանյանը ունի իր պատկերացումներն ու դիրքորոշումը, նա որոշել է, որ չի խառնվելու ոչ մի բանի։ Սխալ է նրանից պահանջել ընդդիմադիր կամ իշխանական թևի համար ընդունելի տեսակետ արտահայտելը։ Նրա որոշումն է, կխո՞սի արդյոք այս թեմայով, թե՝ ոչ։ Իմ դիրքորոշումը սա է՝ եթե անհարկի և ոչ տրամաբանված գործընթացներ են սկսվում, ճիշտ ու սխալ կողմեր քննարկելու փոխարեն, ավելի լավ է դադարեցնել ադ գործընթացները»։
Արթուր Գևորգյանի կարծիքով՝ մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա մյուս թիմակիցների Մկրտիչ Արզումանյանին պաշտպանող հայտարարությունները չեն բարելավվում իրավիճակը, հակառակը, ավելի են խճճում այն։ Նրանք իրենց այդ քայլով Մկրտիչ Արզումանյանին «արջի ծառայություն» են մատուցում։ Ստեղծում են տպավորություն, որ հասարակության ընդդիմադիր հատվածը ճիշտ էր»։
Ի դեպ, Մկրտիչ Արզումանյանի հասցեին սոցցանցի օգտատերերի քննադատություններից հետո, Փաշինյանը գրառում էր արել, նրան համարելով «հզորագույն արտիստ, համեստագույն մարդ»։
Նիկոլ Մարգարյան