«Իշխանության հերթական քայլն է, որով ինքնության արժեքը վերածվում է մանրադրամի»․Արթուր Գևորգյանը՝ սահմանահատման կնիքի վրայից Արարատի պատկերը հեռացնելու մասին | Region

«Իշխանության հերթական քայլն է, որով ինքնության արժեքը վերածվում է մանրադրամի»․Արթուր Գևորգյանը՝ սահմանահատման կնիքի վրայից Արարատի պատկերը հեռացնելու մասին

Սեպտեմբեր 17,2025 11:00

«Սա հայկական ինքնության դեմ քայլ է, որն արվում է իշխանությունների կողմից»,-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն Արթուր Գևորգյանն՝ անդրադառնալով կառավարության որոշմանն, որի  համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը:

Մեզ հետ զրույցում պարոն Գևորգյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ամիսներ առաջ արած հայտարարությունը, թե «Հայաստանի սարը ոչ թե Արարատն է, այլ Արագածը»։

Գևորգյանը չբացառեց, որ նման որոշման ընդունմանը նպաստել են թուրքական կողմից եկած միջամտությունները: Միևնույն ժամանակ վստահեցրեց՝ այդ քայլերն անիմաստ են, քանի որ Արարատի և Հայաստանի կապը բոլորին է հայտնի.«Յուրաքանչյուր հայ երեխա, ով աչքերը բացեց, առաջինը Արարատն է նկարում: Արարատի վերաբերյալ բանաստեղծությունների միջոցով են նրանք  սովորել շփվել հայկական ինքնության հետ, Հայաստանի բոլոր հիմնական պետական սիմվոլները իրենց մեջ Արարատն են կրում: Անգամ, եթե ստիպեն պատերի վրայից Արարատը ջնջել, ոչինչ չի փոխվի: Ոչ ոք չի կարող ստիպել Հայաստանին ջնջել Արարատի պատկերը»:

Արթուր Գևորգյանի կարծիքով՝ կառավարության այս որոշումը հասարակության շրջանում դեռ երկար է քննարկվելու, առաջացած աղմուկը հնարավոր է նպաստի նաև Արարատ լեռան պատկերների ավելի մեծ թվով տարածմանն, ու վերջնարդյունքում գործընթացը հակառակ ազդեցությունը կունենա.«Դեռ շատ երկար ժամանակ հասարակությունը Արարատի նկարներ կհրապարակի, քանի որ այն մեր գիտակցական ինքնության շատ կարևոր խորհրդանիշն է, այդ սարը մեզ համար սրբություն է: Ընդհանուր առմամբ, վերջին 1,5 տարում Նիկոլ Փաշինյանի կողմից արվող ցանկացած քայլ աշխատում է հակառակ էֆեկտով․ նա ձեռնարկում է մի բան, որն ավելի է իջեցնում նրա վարկանիշը: Սա Հայաստանի իշխանության կողմից արվող հերթական քայլն է, որով ինքնության արժեքը վերածվում է մանրադրամի: Անգամ այն մարդիկ, ովքեր դեռ 2018 թվականի հեղափոխությունից սկսած Նիկոլ Փաշինյանի ամենամեծ նվիրյալներն են, այսօր Արարատի վերաբերյալ գրառումներ են կատարում, դա այն արժեքն է, որի վերաբերյալ երկրորդ կարծիք չկա»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ