Լրագրողին հայհոյող ու սպառնացող պաշտոնյային Ավինյանն ընդամենը խիստ նկատողություն է տվել ու ուղարկել արձակուրդ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ԺՊ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ լրագրող, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցում հայտարարել էր, որ իր քննադատություններից հետո Ավետ Բաբայանը սպառնացել ու հայհոյել է իրեն։
Վերջերս էլ Հակոբ Կարապետյանի վրա է հարձակվել դիմակավորված անձ ու ծեծի ենթարկել նրան։ Կարապետյանը պնդում է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնությունը հենց Ավետ Բաբայանն է կազմակերպել, միաժամանակ նշելով, որ չի կարող պնդել՝ արդյոք հարձակվողն ու ծեծի ենթարկողը հենց Բաբայանն էր, թե՝ ոչ։
Հիշեցնենք նաև, որ այս առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։