Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին՝ խափանման միջոց կալանքը անփոփոխ թողնելով | Region

Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին՝ խափանման միջոց կալանքը անփոփոխ թողնելով

Սեպտեմբեր 24,2025 17:49

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը։

Դատավորը հայտարարեց, որ Միքայել Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

«Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ իր սահմանափակումներով»,- ասաց դատավորը։

Հայտարարվեց, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 15:30-ին լրացուցիչ դատալսումներ են լինելու։

Լրագրողների հետ զրույցում Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը վստահեցրեց, որ որոշումը բողոքարկելու են. «Դա չի քննարկվում: Հաջորդ նիստին, իհարկե, մեր պաշտպանական թիմը կորոշի՝ ինչ է անելու այդ միջնորդությունների մասով։ վերդիկտից հետո դատավճիռն է լինելու, դա ենք բողոքարկելու»։

Փաստաբանի խոսքով՝ արքեպիսկոպոսին խոսքի համար նման սահմանափակումների ենթարկելն աննախադեպ դաժան քայլ է, անմարդկային վերաբերմունք սրբազանի նկատմամբ։

Աջապահյանի մեկ այլ փաստաբան Երեմ Սարգսյանն էլ արքեպիսկոպոսի դատական գործընթացին անդրադառնալով, ասաց՝ խախտումների, ապօրինությունների աննախադեպ ծավալ էր․«Եթե դատավորն առաջին իսկ պահից այս աստիճանի կաշկանդված ու վախեցած էր, դա միայն մի բանի մասին էր խոսում, որ ինքը առաջին նիստից սկսած գիտեր, թե ինչ է անելու հիմա»։

Երեմ Սարգսյանը զուգահեռներ տարավ Բաքվի դատարաններում Արցախի հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության հետ, նշելով՝ նույն բանն է կատարվում, որևէ մեկը չի կասկածում, որ այնտեղ արդար դատաքննություն չկա, միայն ձևն են ապահովում։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Առաջադրված հոդվածով նրան սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում արքեպիսկոպոսի մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին:

 

 

 

Նորություններ