Բագրատ Էստուկյան. Արարատը խորհրդանշական իմաստ ունի հայության համար, բայց այդ խորհրդանիշն էլ տեղի-անտեղի օգտագործելն էլ իմաստ չունի | Region

Բագրատ Էստուկյան. Արարատը խորհրդանշական իմաստ ունի հայության համար, բայց այդ խորհրդանիշն էլ տեղի-անտեղի օգտագործելն էլ իմաստ չունի

Սեպտեմբեր 29,2025 11:13

Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները նկատելիորեն ակտիվացել են: Վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարեց, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է ըստ նախատեսվածի:

«Ամեն ինչ մնում է հայտարարությունների մակարդակում, ուստի մենք չենք կարծում, որ պետք է որևէ առաջընթաց ակնկալենք երկկողմ հարաբերություններում»,-RegionsTV-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Թուրքիան երբեք նորմալ հարաբերություններ չեն ունեցել, Թուրքիան, 1991 թվականին պաշտոնապես ճանաչելով Հայաստանի Հանրապետությունը, հրաժարվել է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել: Անցյալում նախագահական մակարդակով շփումներ եղել են, բայց դրանք սահմանափակ և հատվածական էին: Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորությանը, իսկ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը այցելել են միմյանց երկրներ՝ ֆուտբոլային խաղին մասնակցելու համար:

Էստուկյանի կարծիքով՝ թե՛ անցյալում, թե՛ ներկայումս Թուրքիան նախընտրում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ սահմանելով պայմաններ, որոնք ոչ թե Անկարայի, այլ Բաքվինն են։

«Թուրքիան տնտեսապես զգալիորեն կախված է Բաքվից, մասնավորապես՝ SOCAR-ի ներդրումների պատճառով։ Անկարան չի կարող թույլ տալ կորցնել ադրբեջանական ներդրումները, ուստի նախագահ Էրդողանի դիրքորոշումն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի այցը Հայաստան արձագանք չգտավ թուրքական լրատվամիջոցներում։ Սահմանի բացումը հետաքրքրում է Թուրքիայի սահմանամերձ քաղաքների բնակչությանը»,-ասաց Էստուկյանը։

Նա անհիմն է համարում հայ հայ փորձագետների, տնտեսագետների և ընդդիմադիրների այն մտահոգությունները, որ  հայ-թուրքական սահմանի բացման դեպքում հայկական արտադրությունը կտուժի, թուրքական ապրանքներն ու հատկապես գյուղմթերքը Հայաստանի շուկա ազատորեն մտնելով՝ կվնասեն մեր տնտեսությունը։

Անդրադառնալով սահմանային դրոշմակնիքից Արարատ լեռան պատկերը հանելու ՀՀ կառավարության որոշմանն ու  Հայաստանում  դրա շուրջ տեղի ունեցող քննարկումներին, Էստուկյանն ասաց. «Աստվածաշնչյան Արարատ լեռը խորհրդանշական նշանակություն ունի բոլոր հայերի համար. այն գերազանցում է աշխարհաքաղաքական սահմանները։ Արարատը բոլոր հայերին ասում է՝ «Ես այստեղ եմ, և Հայաստանը նույնպես այստեղ է»։ Սա հենց այն տպավորությունն է, որը Արարատը թողնում է հայերի վրա ամեն անգամ, երբ նրանք տեսնում են այս պատկերը։ Արարատի  կերպարը խորհրդանշական իմաստ ունի հայության համար, բայց այդ խորհրդանիշն էլ տեղի-անտեղի օգտագործելն էլ իմաստ չունի»։

Զաբելա Ավագյան

Նորություններ