Եթե մտածում եք, որ 2021-ի քարոզարշավին հաճույք էի ստանում օրը 8-10 հանդիպումներ ունենալով, Հայաստանով պտտվելով, իհարկե, չէ․Քոչարյանն ընտրություններին ի մասնակցության մասին | Region

Եթե մտածում եք, որ 2021-ի քարոզարշավին հաճույք էի ստանում օրը 8-10 հանդիպումներ ունենալով, Հայաստանով պտտվելով, իհարկե, չէ․Քոչարյանն ընտրություններին ի մասնակցության մասին

Հոկտեմբեր 07,2025 13:43

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր հրավիրված  ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողի հիշեցմանը, որ ընդդիմադիր դաշտում կարծիքներ կան, որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրություններին, պետք է դուրս գան քաղաքականությունից, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հաղթելու հնարավորությունը մեծանա, Քոչարյանը պատասխանեց․«Մյուս նախագահների անունից իրավունք չունեմ խոսել։ Ինչ վերաբերում է ինձ, ապա 2021-ի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն, ինչ-որ մի զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն։ Հիմա պատկերացրեք 2021-ին չմասնակցեի։ Ունենք 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների օրինակը։ Մի հատ նայեք՝ մենք ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ խորհրդարան ունեինք։ Այո, իմ մասնակցության ձայները բավարար չէ, կուզենայի՞նք, որ այլ ուժեր էլ ստեղծվեին, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխության, այո կուզենայինք»։

Քոչարյանի խոսքով՝ 1-ին նախագահը ՀԱԿ-ի առաջնորդն է, եթե ՀԱԿ-ը մասնակցի, արդյոք 1-ին նախագահը դրանով մասնակցում է ընտրություններին, թե՝ ոչ, նույնը ՀՀԿ-ի դեպքում, ՀՀԿ-ն բոլոր ընտրություններին մասնակցել է, կուսակցության մասնակցությունը նշանակո՞ւմ է առաջնորդի մասկանցություն, թե՝ ոչ։ Նա բերեց Վրաստանի  օրինակը, երբ իշխող կուսակցության առաջնորդը՝ Իվամնիշվիլին պաշտոն չունի, բայց առանց նրա որևէ կարևոր որոշում չի կայացվում։

«Հիմա ո՞րն է ավելի լավ՝ դու չերևաս, բայց բոլոր որոշումները կայացնողը լինես, թե՞ դու հենց քո դեմքով երևաս ու ասես՝ ես այս մասկիրովկան չեմ անում։ Կուսակցությունը մասնակցում է, ուրեմն առաջնորդն էլ է մասնակցում։ Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցոլոգիաոյով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Եթե մտածում եք, որ 2021 թվականին հաճույք էի ստանում, որ օրը 8-10 հանդիպումներ էի ունենում՝ ամբողջ հանրապետությունով պտտվելով, իհարկե, չէ։ Բայց սոցոլոգիան հստակ ցույց էր տալիս, որ իմ պարագայում մենք ավելի շատ ձայներ կհավաքենք, քան մեր թիմի յուրաքանչյուրի պարագայում»,-ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ տարի խորհրդարանական ընտրությունների մասնակցությանը, Քոչարյանը հիշեցրեց, թե ՔՊ-ն 2018–ին ինչ կարգախոսներով է մասնակցել՝  ժողովրդավարություն,  կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն․« 2021–ին էլի նույն կարգախոսները, նաև Ղարաբաղը պահելու անսասան մտադրություն, Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։ Հիմա ես կուզեի ձեզ հետ մոդելավորել, թե Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններում ինչ թեզերով պետք է մասնակցի։ Ժողովրդավարությունից դու պետք է խոսես երկու սրբազան և Սամվել Կարապետյանին բանտում պահելո՞վ։ Ի՞նչ ժողովրդավարություն։ Քա՞նի համայնքապետի է կալանավորել։ Սոցիալական արդարության մասով՝ ինքը աղքատության մակարդակն ընդունել է 24 տոկոսով, հիմա էլ 24 տոկոսի վրա է։ Կոռուպցիայի մասին չեմ խոսում, ինքն այսօր Հայաստանում կոռուպցիայի պարագլուխն է։ Հայաստանի պատմության մեջ ԱՆԻՖ–ի պես 65 մլն դոլարի ոչնչացում չի եղել։ Կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամից 100 մլն–ը գոլորշիանում է հանկարծ։ Ես այդ ժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամ էի, պահանջեցի հաշվետվություն։ Պատասխանը հետեւյալն էր՝ պետք էր, ծախսել եմ։ Հիմա մնում է մեկ կարգախոս՝ խաղաղությունը։ Մենք էլ պետք է ցույց տանք, որ սնանկ է այդ կարգախոսը, որ սա զինադադար է, ոչ թե խաղաղություն և զինադադար է մեկ մարդու տրամադրությունից կախված։ Եթե չլիներ այն ամենը, ինչ կատարվեց, ընդդիմությունը  կարող էր ասել, որ գալիք ընտրությունների համար Նիկոլ Փաշինյանը գանձ է, որովհետև էս մարդն ասելիք չունի։ Ես գանձ չեմ ասում, ինձ չվերագրեք»։

Եթե 2026–ի ընտրություններում պարտվի, ապա կհեռանա՞ քաղաքականությունից, այս հարցին ի պատասխան էլ Քոչարյանը պատասխանեց. «Ես կընախընտրեի «եթե»–ներով չխոսենք այս հարցում։ Իմ տպավորությամբ և այն սոցիոլոգիան, որ այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի՝ եթե սխալներ չգործենք»։

 

Նորություններ