Արա Պողոսյան. «Համաս»-ին զինաթափելը, անցումային կառավարություն ստեղծելը թե՛ տեխնիկապես, թե՛ քաղաքականապես բարդ է» | Region

Արա Պողոսյան. «Համաս»-ին զինաթափելը, անցումային կառավարություն ստեղծելը թե՛ տեխնիկապես, թե՛ քաղաքականապես բարդ է»

Հոկտեմբեր 11,2025 10:29

Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ Կողմերը ցավոտ, բայց ռացիոնալ որոշում են կայացրել, քանի որ հակամարտության հետագա սրումը որևէ դրական արդյունք չի խոստանում որևէ կողմի համար։

«Այս պահին կա «Համաս»-ի և Իսրայելի համաձայնությունը հրադադարի վերաբերյալ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը։ Երեկ «Համաս»-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայյան հայտարարեց, որ միջնորդներից և ԱՄՆ-ից երաշխիքներ են ստացել, որ պատերազմը վերջապես ավարտվել է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը նույնպես հայտարարություն է տարածել, որով վերահաստատում է Իսրայելի հավատարմությունը հրադադարի համաձայնագրին և Թրամփի ծրագրին։ Նաև նշվում է, կառավարությունը հաստատել է բոլոր կենդանի մնացած պատանդների և մահացածների մարմինների վերադարձը, ինչը նշանակում է, որ առաջին փուլը առնվազն ավարտվել է»,-RegionsTV-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Հիշեցնենք, որ այսպես կոչված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հակամարտությանը վերջ տալու ծրագիրը ներառում է 20 կետ: Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելի և Գազայի միջև հրադադարը նախատեսում է անհապաղ հրադադար, պատանդների վերադարձ, իսրայելական զորքերի փուլային դուրսբերում Գազայից, «Համաս»-ի զինաթափում և միջազգային կառույցների գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում: Ծրագիրը նաև նախատեսում է, որ այս համաձայնագրի ընդունման դեպքում միջազգային մարդասիրական օգնությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված օգնությունը, անմիջապես կհոսի Գազայի հատված: Բնակիչները ստիպված չեն լինի լքել տարածքը: Նշվում է նաև, որ Իսրայելը չպետք է օկուպացնի կամ անեքսիայի ենթարկի Գազան: Տարածքում կստեղծվի հատուկ տնտեսական գոտի, որը մասնակից երկրներին կտրամադրի արտոնյալ վերաբերմունք, և կմշակվի Գազայի վերակառուցման և զարգացման ծրագիր: Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել գործընկերների հետ՝ Գազայում տեղակայվելու՝ միջազգային կայունացման ուժեր (ISF) ստեղծելու համար:

Արա Պողոսյանի դիտարկմամբ՝ որոշ կարևոր մանրամասներ դեռևս լուծված չեն, մասնավորապես, Թրամփի ծրագրի համաձայն, «Համաս»-ը պետք է զինաթափվի և չմասնակցի Գազայի կառավարմանը, ինչի հետ «Համաս»-ը համաձայն չէ՝ համարելով դա իր ներքին գործը․«Մեկ այլ խնդիր, որը նույնպես հարցեր է առաջացնում, Գազայում միջազգային կառույցի գլխավորությամբ անցումային կառավարություն ստեղծելու գաղափարն է, որը «Համաս»-ը նույնպես միանշանակ մերժում է»։

Քաղաքագետի խոսքով՝ «Համաս»-ն առաջարկել է Պաղեստինի ինքնավարության և այլ խմբավորումների հետ կառավարություն ձևավորելու գաղափարը, սակայն «Համաս»-ը, ենթադրվում է, որ այս հարցում նահանջել է, իսկ սա նշանակում է, որ այս պահին կրակի դադարեցումը ոչ այնքան արմատական որոշումների հարց է, որքան ժամանակավոր հրադադարի հնարավորություն։

Ավելին, քաղաքագետը ընդգծեց, որ տարաձայնություններ կան ոչ միայն կողմերի միջև, այլ նաև Իսրայելի և «Համաս»-ի ներսում։

«Մասնավորապես Իսրայելում կան լուրջ հակասություններ կառավարության և ընդդիմության միջև։ Ոմանք կարծում են, որ Նեթանյահուն զիջել է և ռազմական գործողությունների արդյունքում չի կարողացել հասնել իր հիմնական նպատակին՝ «Համաս»-ի վերջնական ոչնչացմանը և Գազայի հատվածում ժողովրդագրական իրավիճակի փոփոխությանը։ Մի մասն էլ, չնայած պատերազմից հոգնել են, ողջունում են այն, դեռևս մեղադրում են կառավարությանը անիմաստ ռազմական գործողություններ իրականացնելու մեջ։ «Համաս»-ի ներսում հակասություններն ավելի չափավոր են, հաշվի առնելով այն փաստը, որ «Համաս»-ը չի կարողացել զգալի ռազմական հաջողությունների հասնել, և պատերազմը պարզապես վերածվել է միակողմանի կոտորածի»,-ասաց Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ դժվար է կանխատեսել, թե որքան կտևի հրադադարը և արդյոք Թրամփի խաղաղության ծրագրի իրականացումը կհանգեցնի արդյունավետ լուծումների: Պողոսյանը նկատեց՝ եԵթե ՄԱԿ-ի 1947 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված Պաղեստինի պետության ստեղծման մասին 181 (II) բանաձևը չիրականացվի, ուրեմն Պաղեստինի պետության ստեղծման ծրագիրը երբեք չի իրականացվի․«Ես կարծում եմ, որ սա կարևոր գործոն է, որը թույլ կտա երկարատև խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքի այս հատվածում: Պետք է նաև նշել, որ ՄԱԿ-ի 181 (II) բանաձևի իրականացումը կարող է էական ազդեցություն ունենալ Իսրայել-Իրան հարաբերությունների վրա»:

Այն, որ կողմերն արդեն համաձայնության են եկել գերիների և պատանդների փոխանակման հարցում, ըստ քաղաքագետի, արդեն իսկ դրական զարգացում է։ Նա հիշեցրեց, որ  Գազայի պաշտոնյաներն արդեն հայտարարել են, որ Իսրայելը սկսել է ծանր ռազմատեխնիկայի դուրսբերումն իրենց տարածքից, ինչն արդեն իսկ վկայում է դրական առաջընթացի մասին։

«Այդուհանդերձ, եթե իսրայելական ուժերի դուրսբերման գործընթացը տեխնիկապես և քաղաքականապես պարզ է, ապա «Համաս»-ին զինաթափելն ու միջազգային կառույցի գլխավորությամբ անցումային կառավարություն ստեղծելը բարդ է՝ թե՛ տեխնիկապես, թե՛ քաղաքականապես։ Բացի այս, հաշվի առնելով արաբական աշխարհի այս հատվածի էթնոմտածելակերպը՝ ապագայում ավելի բարդ խնդիրներ կառաջանան»,-նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Թրամփի խաղաղության ծրագրի իրականացման հեռանկարներին՝ Արա Պողոսյանը զգուշավոր լավատեսություն հայտնեց։ Նրա կարծիքով՝  Թրամփի ծրագիրը ժամանակավոր և միջանկյալ լուծում է, որը պետք է հանգեցնի Պաղեստինի պետության ստեղծմանը և տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը․«Մնացած բոլոր լուծումները դրվագային և ժամանակավոր են։ «Համաս»-ն արդեն հայտարարել է զինաթափման և արտաքին կառավարման գաղափարի դեմ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ «Համաս»-ը ներկայումս զգալիորեն թուլացած է, Գազան որպես բնակեցված տարածք ավերակների է վերածվել, իսկ բնակչությունը՝ սպառված։ Այս պայմանները «Համաս»-ին կստիպեն զիջումների գնալ։ Ենթադրում եմ, որ ապագայում հնարավոր է «Համաս»-ը որոշակի երաշխիքների դեպքում իսկապես կզինաթափվի և կդառնա քաղաքական կազմակերպություն, իսկ ահա Գազայի կառվարմանը «Համաս»-ի քաղաքական մասնակցության հարցը կմնա քիչ հավանական, սակայն քննարկելի հարց, եթե մինչ այդ նոր բախումներ չլինեն»։

Զաբելա Ավագյան

Նորություններ