«ՀՀ-ն որևէ 3-րդ կողմի առջև պարտավորություն չի ստանձնել և չի ստանձնելու փոխել ՀՀ Սահմանադրությունը»․ Միրզոյան | Region

«ՀՀ-ն որևէ 3-րդ կողմի առջև պարտավորություն չի ստանձնել և չի ստանձնելու փոխել ՀՀ Սահմանադրությունը»․ Միրզոյան

Հոկտեմբեր 14,2025 14:44

«Այս հանդիպումը տեղի է ունենում մեր տարածաշրջանում նշանակալի իրադարձությունների պայմաններում։ Նկատի ունեմ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված է նպաստելու հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, և այժմ, երբ այդ խաղաղությունը հաստատված է, ու մենք ձեռնամուխ ենք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, մենք մեզ համար պետք է բացահայտենք համագործակցությունների նոր հորիզոններ և հարթություններ»,-ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Հելենա Վալտոնեի հետ այսօր տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահը բարձր գնահատեց իրենց երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, հույս հայտնելով, որ դրանք ավելի կամրապնդվեն տարբեր ոլորտներում՝ տնտեսականից մինչև քաղաքական։

Հարցին, Մինսկի խմբի լուծարման դեպքում, ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն պատկերացնում խաղաղության հաստատման և արցախցիների իրավունքի ու վերադարձի հնարավորությունը, Հելենա Վալտոնենը վստաեցրեց, որ պատրաստակամ է տարածաշրջանում խաղաղության և դիմակայունության հաստատմանը։ Արցախահայրերի վերաբերյալ հարցին պատասխանեց Արարատ Միրզոյանը․«ՀՀ կառավարությունը լրջագույն ջանքեր է գործադրում այն ուղղությամբ, որ տեղահանված մեր հայրենակիցները կարողանան վերջնականապես ինտեգրվել, և իրենց կյանքը շարունակել Հայաստանի հանրապետությունում»։

Ընդգծեց, որ երեկ Շարմ էլ Շեյխում  տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել են կարգավորման գործընթացն ամբողջ ծավալով, կենտրոնանալով, մասնավորապես հումանիտար հարցերի վրա։ Եվս մեկ անգամ պարզաբանեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության էությունը․«Հայաստանը և Ադրբեջանը ապաշրջափակում են միմյանց միջև տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքները։ Երկաթուղու այն հատվածը, որը անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIPP ուղղի։ Դրա տեխնիկական լուծումները դեռ պետք է հստակեցվի Հայաստնի և ԱՄՆ-կողմից։ Այդ ուղղությամբ օգոստոսի 8-ից հետո ամենօրյա երկկողմանի ջանքեր են գործադրվում։ Բոլոր մանրամասները կհստակեցվեն և կհանրայնացվեն»։

Անդրադառնալով Բաքվի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջին, Արարատ Միրզոյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն որևէ երրորդ կողմի առջև պարտավորություն չի ստանձնել և չի ստանձնելու փոխել ՀՀ Սահմանադրությունը․«Ինչպես և նախկինում, այդպես էլ հիմա, այդպիսի հարց, որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի մեր քննարկումներում, և ՀՀ Սահմանադրության փոփոխության և/կամ նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիքն է»։

Նիկոլ Մարգարյան

 

 

 

Նորություններ