Բեռնատարների վարորդները կրկին ցույց են անում, նախարարը վստահեցնում է՝ ԵԱՏՄ-ում ամենաբարձր մակարդակով զբաղվում են խնդրով

Բեռնատարների վարորդներն այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ցույց են անում։ Նրանք դժգոհում են ՌԴ-ում ուժի մեջ մտած նոր, ավելի խստացված օրենսդրությունից, ըստ որի՝ հունվարի 1-ից ոչ վիզային երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր ՌԴ-ում գտնվելու փոխարեն օրացուցային տարվա ընթացքում այլեւս կարող են գտնվել գումարային 90 օր: Ըստ էության՝ ժամկետը կրճատվում է երկու անգամ։
Վարորդների ներկայացմամբ՝ այդ օրերի քանակը բավարար չէ, որպեսզի իրենք հասցնեն անցակտեն անցնել, բեռնաթափել ապրանքը՝ հաշվի առնելով, որ հաճախ Վերին Լարսի անցակետում բեռնատարները օրերով հերթի մեջ են կանգնում։
Այսօր կառավարության նիստից առաջ բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նա վստահեցրեց, որ այս խնդրով կառավարությունը զբաղվում է․ «Ժողովուրդ ջան, ոչ միայն տեղյակ ենք, զբաղվում ենք, հիմա սրանից ավելի բան էս պահին չասեմ, բայց ձեզնից շատ ենք էդ հարցով զբաղվում։ Եթե աշխատանքային մի երկու բան ավել ասեմ, կարող է մեր գործին խանգարի։ Բայց հավատացեք, ԵԱՏՄ-ում ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցով»։
Պապոյանն ասաց, որ հույցի ունի՝ խնդիրն առաջիկայում կլուծվի․«Հավաստիացնում եմ ձեզ, որ առանց էս ցույցի էլ մի շաբաթ է՝ զբաղվում ենք եւ շարունակելու ենք զբաղվել այնքան, մինչեւ կարողանանք հասնել այնպիսի լուծման, որ այդ հարցը ինչ-որ կերպ լուծվի։ Ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետեւ տարվա մեջ 90 օր դուք մենակ կարաք Վերին Լարսում կանգնեք»։
Վարորդներից մեկն իր օրինակով նկարագրեց իրավիճակը․«Եթե ես օրինակ անցակետն անցնում եմ ուրբաթ օրը, ենթադրենք ժամը իրիկունը 11-ին անցա, էնտեղ ժամ չի նշվում, միայն օրն է նշվում։ Գնում եմ բեռնաթափման, ուրբաթ շաբաթ կիրակի, մեքենան կանգնում է, իմ օրերը պտտվում են»։ Արձագանքելով նախարարն ասաց, որ ծանոթ է իրավիճակին։
«Էդ որ զբաղվում եք, ինչքա՞ն ժամանակում է լուծելու հարցը, Ղազախստանում էդ հարցին արագ լուծում տվեցին»,-հետաքրքրվեց վարորդներից մեկը։
Պապոյանն ի պատախսան ասաց՝ այն խնդիրը, որը կա Ղազախստանում, այն խնդիրը, որ կա Հայստանում, նույնական է․«Բայց իրենց դեպքում ավելի հեշտ է, որովհետև իրենք Վերին Լարս չունեն»։