«Մենք տարբեր մարդկանց միջոցով պատարագի վերաբերյալ ճշտումներ ենք իրականացնում, վարչապետն ըստ այդմ որոշում է մասնակցե՞լ այդ պատարագին, թե՝ չէ»․ Հովհաննսիյան | Region

«Մենք տարբեր մարդկանց միջոցով պատարագի վերաբերյալ ճշտումներ ենք իրականացնում, վարչապետն ըստ այդմ որոշում է մասնակցե՞լ այդ պատարագին, թե՝ չէ»․ Հովհաննսիյան

Դեկտեմբեր 05,2025 14:21

«Նախ, համաձայն չեմ, «ստիպում են, ցենզուրայի ենթարկել», մեկնաբանությանը քանի որ, տեղին չի ընդհանրապես։ Մեզ համար Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չի և մենք տարբեր մարդկանց միջոցով, ովքեր ծանոթ են հոգևորականների հետ, պատարագի վերաբերյալ ճշտումներ են իրականացնում և վարչապետն ըստ այդմ որոշում է մասնակցել այդ պատարագին, թե չէ, տվյալ հոգևորականը կիսում է եկեղեցու բարենորոգման օրակարգը, թե չէ, և ըստ դրա վարչապետը որոշում է կամ կմասնակցել կամ չմասնակցել»,-այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենի ահազանգին, ըստ որի ԱԱԾ աշխատակիցներից մեկը գնացել է իր մոտ ու իրեն առաջարկել առաջիկա կիրակի օրվա պատարագին Վեհափառի անունը չհնչեցնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ չի հերքել, որ ԱԱԾ-ականները կամ իր ծանոթները կարող են տարբեր հոգևորականներին նման ցուցում տալ։

Լրագրողի հարցին՝ Արշակ Սրբազանին կալանավորել են 7 տարվա վաղեմության միջադեպի առթիվ, ինչու՞ է իշխանությունը նոր հիշել այս գործի մասին և արդյո՞ք այս պահին սա հակաեկեղեցական ճնշմում չէ, հակակաթողիկոսական արշավի մաս, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Նախ իշխանությունը չի հիշում քրեական հանցագործությունների մասին, իշխանությունը չի զբաղվում դրանով, այլ՝  համապատսախան  պետական կառույցները, որոնք անկախ պետության ինչպիսին լինելուց՝ պետք է զբաղվեն այդ գործերով»։

Այսօր Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը մասնակցելու Գյումրիի Յոթ վերք եկեղեցու պատարագին, արդյոք գտնվել է մեկ հոգևորական, ով համաձայվել է զեղչել Կաթողիկոսի անունը, և արդյոք սա հարված չի հասցնի եկեղեցուն, այս հարցին ի պատասխան ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Եթե դուք հղումներ եք անում վարչապետի խոսքերին և փորձում եք մեկնաբանություններ ստանալ դրանց վերաբերյալ, ես խորհուրդ կտամ, որ մեկ այլ խոսքից հղում անեք, երբ նա ասաց, որ մեզ  պետք է ոչ թե կաթողիկոս, որ ինձ ենթարկվի,  այլ  պետք է կաթողիկոս, որ չպիտի ենթարկվի ինչ-որ օտարերկրյա հատուկ ծառայությունների լեյտենանտին։ Խնդիրը բազմաշերտ է, և դրա տակ շատ ավելի խորքային պատճառներ էլ կան, և բերել հասցնել այստեղ, որ ասենք, թե նրա անունը տալու-չտալու շուրջ դեբատը, դա նշանակում է մենք ամբողջությամբ չենք պատկերացնում, թե մենք ինչ օրակարգի ներքո ենք շարժվում առաջ»։

Մեկ այլ հարցի՝ Իլհամ Ալիևը կրկին հիշատակել է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, հայտարարել է, որ պետք է ակտիվացնել ջանքերը, ապահովելու Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձը, դուք ինչպե՞ս եք տեսնում ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Ես մինչև անձամբ չծանոթանամ այդ հայտարարության բովանդակությանը, մեկնաբանություն տալ չեմ կարող։ Ինչ վերաբերվում է առհասարակ փախստականների վերադարձի թեմային, մենք ադրբեջանցի գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Օրակարգում նման հարցեր չի քննարկվում, մենք առաջ ենք շարժվում այյն փաստաթղթերից ելնելով, որոնք ստորագրվել են օգոստոսի 8-ին»։

Տիրուն Մարգարյան

 

Նորություններ