«Ես շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին ընդդիմադիրին»․ՔՊ-ական պատգամավորը Բաքվում հայ գերիների դատավարության մասին

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության մասին ասում է՝ կոշտ հայտարարությունները չեն օգնելու մեր գերիների վերադարձին, հավելյալ հանրայնացումը այս գործընթացին միայն խանգարելու է
Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարության վերաբերյալ ՔՊ-ն որևէ հայտարություն չի արել, ո՞րն է պատճառն այդ լռության։ Այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեցին լրագրողները։ Ի պատասխան Ալեքսյանյանը հիշեցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հայտարարությունը։
Ճշտող հարցին՝ Բաքոյանի հայտարարությունն արդյոք արտահայտում է ՔՊ խմբակցության դիրքորոշումը, Ալեքսանյանը պատասխանեց. «Մենք նմանատիպ քննարկում ու որոշում չենք ունեցել, բայց ես վստահ եմ, որ խմբակցությունում ոչ մեկ տարաձայնություն չունի պարոն Բաքոյանի այս հայտարարության հետ»:
Պատգամավորի ներկայացմամբ՝ ռազմագերիների կամ դատավարության մասին չպետք է խոսեն վարչապետը, ԱԳ նախարարը կամ փոխվարչապետը, որոնք ներգրավված են բանակցություններում։
«Այստեղ դիվանագիտական նյուանս կա: Այսքան ժամանակ, երբ մենք խոսել ենք գերիներին հետ վերադարձնելու մասին, մենք մշտապես ասել ենք, որ ամենօրյա աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ և հավելյալ հանրայնությունը այս գործընթացին միայն խանգարելու է: Հիմա եթե սրտհովանքի համար կարծում եք, որ պետք էր մեկ-երկու շատ կոշտ արտահայտություն անել, ու դրանով դա օգնելու էր մեր գերիների վերադարձին, դուք սխալվում եք: Հավելյալ հանրայնացումը այս պրոցեսին միայն ու միայն խանգարելու է և վստահեցնում եմ, որ ՀՀ կառավարությունը ոչ մի վայրկյան չի դադարել և չի դադարելու աշխատել այս ուղղությամբ»,-ասաց Ալեքսանյանը։
Նա վստահեցրեց՝ կառավարության լռությունը բոլոր գերիների վերադարձի հետ կապված պայմանավորված է նրանով, որ գործընթացի լավագույն շահից է բխում հնարավորինս քիչ հանրայնացումը:
Հարցին՝ դատավարությունից Արցախի ռազամաքաղաքական առաջնորդների լուսանկարները տեսնելիս արդյոք մեղքի զգացում ունեցե՞լ է, այս հարցին ի պատասխան էլ Ալեքսանյանն ասաց․«Ես չեմ հասկանում այդ հարցի իմաստը: Ես չեմ հասկանում այդ մեղքի զգացողության մասին հարցը: Ի՞նչ նկատի ունեք։ Նկատի ունեք, որ ես չե՞մ իրենց տեղը։ Ասենք, այս հարցը ընդիմությանը տվե՞լ եք»:
Պատգամավորի խոսքով՝ նրանց լուսանկարները տեսնելը մեծ ցավ էր, շատ կուզենայի, որ այդ ամեն ինչը տեղի ունեցած չլիներ․«Եվ շատ կուզենայի, որ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու և ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիր ուժերին ու չգնային Սոֆիա: Ես չեմ ասում, իրենք են մեղավոր, որ այնտեղ են գտնվում»: