«Կա ցանկություն և ըմբռնում, որ ՌԴ-ն էլ հաշվի կառնի ՀՀ շահերը միջազգային հարաբերություններում»․Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը | Region

«Կա ցանկություն և ըմբռնում, որ ՌԴ-ն էլ հաշվի կառնի ՀՀ շահերը միջազգային հարաբերություններում»․Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը

Հունվար 21,2025 15:09

Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը միշտ փորձում է ըմբռնումով մոտենալ ՌԴ շահերին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իր ելույթում ասել է՝ ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ իր այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնելու տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք արդի հարցերի շուրջ։

«Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերություններին եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը»,- ասել է Միրզոյանը։

Նա ասել է, որ Հայաստանը հավատարիմ է բաց եւ կառուցողական երկխոսության սկզբունքին․«Մենք հուսով ենք, որ հետագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք, տեսանք վերջերս։ Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը»։

Միրզոյանի խոսքով՝ երկկողմանի հարաբերությունների մեկ այլ կարևոր ցուցիչ է միջազգային հարթակներում համագործակցությունը․«Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ ՌԴ շահերին։ Կա ցանկություն և ըմբռնում, որ ՌԴ-ն էլ հաշվի կառնի ՀՀ շահերը միջազգային հարաբերություններում։ Մեր նպատակն է փոխշահավետ և գործնական համագործակցությունը, ինչպես նաև ինքնիշխանության հարգումը, ինչն ամենակարևորն է, որը համապատասխանում եմ մեր երկու երկրների շահերին»։

Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ապաշրջափակել Հարավային Կովկասի բոլոր հաղորդակցությունները․« Ուրախ եմ հաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակելու բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնց իրականացումը նախատեսված է «Աշխարհի խաչմերուկ» նախագծի շրջանակներում»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իր ելույթում ասել է՝ ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ եռակողմ պայմանավորվածությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 եւ 2022 թվականներին։

Լավրովի խոսքով՝ Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցը, որը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։

«Նախորդ տարին բարդ էր երկկողմ հարաբերությունների համար։ Մենք այսօր, անկեղծ ասած, վճռական ենք մեր ղեկավարների՝ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պահպանվող մթնոլորտի ոգով քննարկել բոլոր այն հարցերը, որոնք օրակարգում են, որոնք կարեւոր են ձեզ համար, որոնք կարեւոր են Ռուսաստանի Դաշնության համար։ Համոզված եմ, որ մենք այժմ կառուցողականորեն կդիտարկենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել եւ շարունակում ենք գնահատել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ եւ դաշնակցի հետ»,-ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ անցած տարի ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 12 մլրդ դոլար։

Նորություններ