Ալեն Սիմոնյանը անկլավների մասին․«Ոչ մի խնդիր չենք տեսնում որեւիցե փուլում այդ քննարկումը սկսելու՝ եթե այդ տարածքների իրավական փաստաթղթավորում լինի»

Ալեն Սիմոնյանը պարզաբանում է, թե ինչու Արցախ չի ասում, այլ՝ Ղարաբաղ՝ , որպեսզի չհրահրենք նոր պատերազմ ու հարձակում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ տարածքային պահանջ չունեն Ադրբեջանի նկատմամբ, իսկ ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն առաջ քաշում այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» թեզը, ո՞րն է նպատակը։
«Ուզում են, որ մենք էլ առաջ տանենք հնարավոր ինչ-որ պահանջներ, որ ինքը լեգիտիմ իրավունք ունենա հարձակվի մեր վրա։ Դա այնքան պրիմիտիվ բան է։ Երբ որ ես ձեզ այստեղ ասում եմ՝ Ղարաբաղ, դուք ինձ ասում եք՝ Արցախ չեք ասում։ Այդ նույնը հակառակ պատկերացրեք, որ իրենք ասում են՝ «արեւմտյան Ադրբեջան», մենք ասում ենք՝ դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է։ Դա է մեծ խնդիրը, որը ստիպում է բառապաշարի առումով ճիշտ ձեւակերպումներ տալ, որպեսզի չհրահրենք նոր պատերազմ ու հարձակում»,-այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ արձագանքելով հարցին՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են՝ տարածքային պահանջ չունեն Ադրբեջանի նկատմամբ, իսկ ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն առաջ քաշում այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» թեզը։
Սիմոնյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Հայաստանն ավարտվում է Արմավիրով եւ Տավուշի մարզով։
Երեկ ԱԺ ամբիոնին ընդդիամդիր պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում հայտնել էր, որ ԱԺ նիստերի դահլիճում փակցվել է Հայաստանի քարտեզը՝ առանց Արցախի։
Մկրտչյանն իր ելույթից հետո ամբիոնին փակցրել էր Հայաստանի և Արցախի քարտեզը, որն անմիջապես հեռացրեց անվտանգության աշխատակիցը։
Այս առնչությամբ Սիմոնյանն ասաց՝ ԱԺ ամբիոնից երեկ հանել են պատգամավոր Աննա Մկրտչյանի փակցրած քարտեզը, որովհետեւ այն իրական Հայաստանի հետ որեւէ կապ չուներ։
ճեպազրույցում անդրադառնալով անկլավների մասին հարցին, Սիմոնյանն ասաց՝ ստորագրված և երկկողմ հաստաված փաստաթղթում ֆիքսված է, որ անկլավների հարց չկա․«Մենք անկլավների հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում։ Կա մեր հայկական անկլավը՝ Արծվաշենը։ Ոչ մի խնդիր չենք տեսնում որեւիցե փուլում այդ քննարկումը սկսելու։ Եվ չենք կարծում, որ դա օրակարգային մի հարց է, որի շուրջ մենք պետք է ինչ-որ ձեւով անհանգստանանք կամ մտահոգություն ունենանք»։
Ըստ Սիմոնյանի՝ կարեւոր է, որ իրավական փաստաթղթավորում լինի բոլոր այդ տարածքների հետ կապված․«Կնայենք, եթե այդ տարածքների իրավական փաստաթղթավորում կա, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում։ Ինչ վերաբերում է ճանապարհներին, Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում եւ Արծվաշենը նույնպես ճանապարհի խնդիր պետք է ունենա»։
Երաշխիք ունե՞ն, որ Ադրբեջանի պահանջները կատարելուց հետո ՀՀ իշխանություններն էլ չեն հայտնվի Բաքվի բանտերում, օրինակ՝ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է ասել, որ «խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողին «բացահայտել», որն էլ հետեւողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա», այս հարցին ի պատասխան Սիմոնյանն ասաց՝ նախ՝ որեւիցե մեկը որեւիցե մեկի պահանջը չի կատարում, կա քննարկում, հայկական կողմը բազմաթիվ թեզեր է առաջ քաշել, ադրբեջանական կողմի հետ քննարկելով՝ եկել է համաձայնության։
Ինչ վերաբերում է Տիգրան Աբրահամյանի մեկնաբանությանը, Սիմոնյանը հրաժարվեց դրան անդրադառնալ․«Կարծում եմ՝ Տիգրան Աբրահամյանն ավելի լավ է անհանգստանա Հայաստանում Սերժ Սարգսյանի քրեական գործերով եւ դատավարություններով»։