Մենք էլ պետք է 400 հազար հայերի՝ Բաքու վերադարձի պահանջ դնենք. Գալչյան

Ադրբեջան գոյություն չի ունեցել մինչև 1918թ․-ը, հետևաբար, մի երկիր, որը ծնվել է 1918-ին և իր անունն էլ վերցրել է հարևան երկրից, ինչպե՞ս կարող է ունենալ պատմական տարածքներ: REGIONS TV-ի հետ զրույցում քարտեզագետ, «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» գրքի հեղինակ Ռուբեն Գալչյանն այսպես է արձագանքում «Արևմտյան Ադրբեջան» «փախստականների» վերադարձի մասին Բաքվի կեղծ օրակարգին:
«Երբ Ալիևը խոսում է եվրոպացիների հետ, ասում է՝ մեր նախահայրերն ալբաններն էին, երբ խոսում է թրքախոս ցեղերի հետ, ասում է՝ մենք ու Թուրքիայի ժողովուրդը նույն օղուզ-թուրքերն ենք Կենտրոնական Ասիայի, մեզ բաժանել են երկու մասի: Միջազգային հարթակներում ինչո՞ւ որևէ մեկը հարց չի բարձրացնում՝ որոշե՞լ են՝ ովքեր են իրենց նախահայրերը, թե՝ ոչ: Սա չիմանալով հանդերձ՝ Հայաստանի պատմական հողեր են պահանջում»,-հայտարարեց Գալչյանը:
Բաքուն կեղծում է իրականությունը, ըստ քարտեզագետի, նպատակ ունենալով սեփականաշնորհել այն, ինչ հայկական է. այսպես կոչված փախստականների վերադարձի պահանջն էլ այդ համատեքստում է։
«Իրենք վերադարձ են պահանջում, մենք էլ պետք է 400 հազար հայերի՝ Բաքու վերադարձի պահանջ դնենք: Չեք ուզո՞ւմ հայերը վերադառնան, հատուցում տվեք, որովհետև բռնազավթել եք այն ամենն, ինչ ունեին նրանք»,-նշեց Ռուբեն Գալչյանը: